Главная » 2010»Август»25 » Վրաստանի ազգային փոքրամասնությունների հարցը ՄԱԿ-ում
11:13
Վրաստանի ազգային փոքրամասնությունների հարցը ՄԱԿ-ում
«Երկիր» միությունը մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների
հանձնաժողովում Վրաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանության հարցի քննարկմանը
2007 թ. հոկտեմբերի 15-16-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի
91-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցան Վրաստանի կողմից ՄԱԿ-ի
քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիայի
շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված լսումները:
Ի թիվս մարդու իրավունքների ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, քննարկվեց
նաեւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության
ներկայիս վիճակը: Այդ քննարկումներին մասնակցեցին նաեւ Հայրենադարձության
եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության
ներկայացուցիչները: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից «Երկիր»
միությանը իրավունք տրվեց նստաշրջանի շրջանակներում իր անունից
կազմակերպել առանձին քննարկում` նվիրված խնդրո առարկա հարցին:
Քննարկման ընթացքում «Երկիր» միության կողմից հրավիրված հայտնի փորձագետ,
Ավստրիալիայի Մըրդըքի Համալսարանի պրոֆեսոր Ֆեռնան դը Վառենը ներկայացրեց
Վրաստանում հայ փոքրամասնության ներկայիս վիճակին վերաբերող
իրողությունները` այն է.
• վրացերենի անայլնտրանքային օգտագործումը պարտադրող Վրաստանի
օրենսդրական դաշտը,
• լեզվական արգելքի հետեւանքով պետական ծառայության համակարգում հայերի
ներկայացվածության հետզհետե նվազումը եւ հանրային կյանքին մասնակցության
ոչ բավարար մակարդակը,
• պետական ուսումնական հաստատություններում վրացերենով դասավանդման
համակարգի հետեւողական ներդնումը,
• լեզվական արգելքի հետեւանքով վրացական բուհեր հայ շրջանավարտների
ճնշող մեծամասնության ընդունվելու անհնարինությունը,
• Վրաստանում Հայկական համալսարանի ստեղծման անհրաժեշտությունը եւ այլ
հարցեր:
«Երկիր» միության մասնաճյուղ` «Երկիր-Վրաստան» կազմակերպության
ներկայացուցիչ` Լեւոն Իսախանյանը ի թիվս այլ հարցերի, մասնավորապես,
ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի խնդիրները`
• պետական գրանցում ստանալու համար իշխանությունների առաջացրած
խոչընդոտները,
• Խորհրդային Միության տարիներին բռնագրավված եկեղեցական շինություններն
ու գույքը հետ ստանալուն ուղղված ապարդյուն ջանքերը:
Վրաստանի կողմից ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային
կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված
քննարկումների արդյունքում ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հանձնաժողովը
ընդունեց եզրափակիչ փաստաթուղթ, որտեղ Վրաստանի կառավարությանը տրվեցին մի
շարք հանձնարարականներ երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող
իրավիճակի բարելավման ուղղությամբ:
Փաստաթղթում հստակ անդրադարձ եղավ նաեւ Վրաստանի էթնիկական
փոքրամասնությունների, եւ, հատկապես, հայ եւ ադրբեջանական համայնքներին
հուզող խնդիրներին: Մասնավորապես, Կոմիտեն իր մտահոգությունն արտահայտեց
այն փաստի կապակցությամբ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին երկրում գործող
կրոնական միավորումներից միակն է, որն ունի Սահմանադրությամբ ամրագրված
հատուկ կարգավիճակ` նշելով, որ դա կրոնական այլ միովորումների նկատմամբ
խտրականության դրսեւորում է: Վրացական իշխանությունների վրա
պարտավորություն դրվեց լուծում տալ խորհրդային իշխանության տարիներին
կրոնական փոքրամասնություններից (իմա` Հայ Առաքելական Եկեղեցիից եւ Կաթոլիկ
եկեղեցիից) բռնագրավված եկեղեցական շենքերի եւ ունեցվածքի հետ
վերադաձնելու խնդիրներին:
Կոմիտեն իր մտահոգությունը հայտնեց փոքրամասնությունների կողմից իրենց
մշակութային իրավունքների իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտների
կապակցությամբ` շեշտելով, հատկապես, փոքրամասնությունների քաղաքական
ներկայացվածության ցածր մակարդակը: Այդ հարցի կապակցությամբ վրացական
իշխանություններին ուղղվեցին հետեւյալ հանձնարարականները.
ա. քննել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում եւ
վարչարարության մեջ փոքրամասնություններին իրենց լեզուներն օգտագործումը
թույլ տալու հնարավորությունը:
բ. ձեռնարկել բոլոր նպատակահարմար միջոցներ փոքրամասնությունների` հատկապես
հայ եւ ադրբեջանական համայնքների համարժեք քաղաքական ներկայացվածությունը
եւ մասնակցությունը ապահովելու համար: Իշխանությունները պետք է քայլեր
ձեռնարկեն լեզվական հիմքի վրա խտրականությունը վերացնելու ուղղությամբ:
գ. էթնիկական փոքրամասնությունների վրացական հասարակությանը համարկման
նպատակով երկխոսություն ձեռնարկել փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող
շահագրգիռ խմբերի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:
դ. հակախտրական միջոցառումների արդյունավետությունը ստուգելու նպատակով
ընդունել համապատասխան ինդիկատորներ եւ չափորոշիչներ:
Վրաստանում մարդու եւ էթնիկական փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ «Երկիր» միության եւ
այլ ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից պատրաստված եւ ՄԱԿ-ի
Մարդու իրավունքների հանձնաժողովի 91-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացված
զեկույցները, ինչպես նաեւ նստաշրջանի օրակարգն ու եզրափակիչ փաստաթուղթը
կարելի է գտնել հետեւյալ կայքէջի վրա http://www2.ohchr.org/english/bodies/hrc/hrcs91.htm: