Վրաստանի արեւմտյան Իմերեթիի ռեգիոնի Թղիբուլիի
ածխահանքում երեկ ուշ երեկոյան վթար է տեղի ունեցել, որի արդյունքում կան
զոհեր եւ վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, պայթյունի
արդյունքում զոհվել է 3 հանքափոր: Այս լուրը հաստատել են Թղիբուլիի
մունիցիպալիտետում: Պայթյունի ժամանակ հանքահորում եղել է 11 մարդ, որոնցից
7-ին ծանր այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխել են Թղիբուլիի
հիվանդանոց: Մեկ հանքափոր անվնաս է մնացել: «Տուժածներից
5-ի վիճակը շատ ծանր է: Դա նշանակում է, որ այրվածքները կարող են
վտանգավոր լինել կյանքի համար: Այս պահին 5-ն էլ գտնվում են
վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Այրվածքաբանության կենտրոնի բժիշկ
Գիա Կվինիկաձեն: Մյուս 2 վիրավորները տեղափոխվել են Գուդուշաուրիի անվան
կլինիկայում: «Երկուսի վիճակն էլ ծանր է: Տարբեր տիպի կոտրվածքներ ու
այրվածքներ ունեն: Երկուսն էլ տեղափոխվելու են Այրվածքաբանության
կենտրոն»,- ասել են հիվանդանոցում: Ի դեպ, այս նույն հանքում այս
տարվա մարտին տեղի էր ունեցել եւս մի վթար, որի հետեւանքով զոհվել էր 4
հանքափոր:
|