Իսկ հայկական դպրոցները փակվում են Մինչեւ հինգերորդ դասարան Աննա Հովհաննիսյանը հայերեն 
գրել եւ կարդալ չգիտեր: Սովորում էր ռուսական դպրոցում: Միայն հոկտեմբերին 
ծնողները որոշեցին երեխային տեղափոխել հայկական դպրոց, այն էլ Աննայի 
բազմաթիվ խնդրանքներից ու պնդումներից հետո: Մի քանի
 ամիս է տասնամյա Աննան հաճախում է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցը: 
Սկզբում դասերը հաճախ չէր հասցնում, բայց ընդամենը երկու ամսվա ընթացքում 
կարողացավ սովորել տառերն ու կարդալ վարժ այնքան, որ ուսուցիչները գոհ 
մնան: «Աննան, սակայն, բացառություն է: 
Օրինաչափության նման է դարձել, որ ծնողները նախընտրում են ռուսական եւ 
վրացական դպրոցները», ասաց թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն Կարինե 
Մանուկյանը : Եթե 2004 թվականին Վրաստանում 
գործում էր 150 հայկական դպրոց, այժմ ընդամենըՙ 140-ը, որոնցից 120-ը 
Սամցխե-Ջավախքում: Թբիլիսիում 2004-ին գործում էր 8 հայկական դպրոց: Վերջին
 5 տարիների ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում երկու հայկական դպրոց է 
փակվել: Թբիլիսիում գործող վեց հայկական դպրոցներից 
միայն երկուսն են ամբողջովին հայկական: Մնացյալ չորս դպրոցները բաժանված են
 վրացական, ռուսական եւ հայկական սեկտորների: Վրաստանում այսօր ապրում է 
շուրջ 250 հազար հայ, որոնցից շուրջ 80 հազարըՙ Թբիլիսիում: Մինչդեռ 
սեկտորների չբաժանված հայկական երկու դպրոցներում սովորում է շուրջ 250 
աշակերտ: Թիվ 131 դպրոցում մի հարկի տակ գործում են 
հայկական եւ ռուսական սեկտորներ: Ռուսական սեկտորում հայ աշակերտների թիվը 
երկու անգամ ավելին է, քան հայկական բաժնում: Դավիթ Չադրանյանը 
սովորում է ռուսական բաժնում, 11-րդ դասարանում: Հայերեն չի խոսում, 
հասկանում է դժվարությամբ: «Ծնողներս ավարտել են ռուսական բաժինը եւ որոշել
 են, որ ես էլ պետք է սովորեմ ռուսական դպրոցում: Երբեւէ չեմ մտածել, թե 
ինչու չեմ սովորում հայկական բաժնում», ասաց Դավիթը: 
 Ինգա Կոսյանի երկու զավակներն էլ ռուսական բաժնում են սովորում: 
Ամուսինը ավարտել է վրացական դպրոց, ինքը` ռուսական: «Որոշեցինք, որ 
երեխաները կսովորեն ռուսական բաժնում, որովհետեւ նախ ինձ համար ավելի հեշտ է
 նրանց օգնել, երկրորդ` մենք մտածում ենք տեղափոխվել Ռուսաստան», ասաց Ինգա
 Կոսյանը: Վրաստանում դպրոցները ֆինանսավորվում են 
կառավարության կողմից: Յուրաքանչյուր աշակերտի համար կառավարությունը 
տարեկան դպրոցին է տրամադրում 350 լարիից (205 ԱՄՆ դոլար) մինչեւ 575 լարի 
(338 ԱՄՆ դոլար): Եթե աշակերտների թիվը բավարար չէ դպրոցի ծախսերը հոգալու 
համար, այն փակվում է: Երկու տարի առաջ Թբիլիսիի 
հայաշատ Հավլաբար թաղամասում գտնվող թիվ 86 դպրոցի հայկական բաժինը փակվեց:
 Այժմ աշակերտները հաճախում են ռուսական եւ վրացական բաժինները: «Աշակերտների 95 տոկոսը հայեր են: Ծնողները, սակայն, 
նախընտրում են ռուսական եւ վրացական սեկտորները: Վրացական, որովհետեւ 
կարծում են, որ հայկական բաժնում բավարար վրացերեն չեն սովորումՙ 
հետագայում բարձրագույն կրթություն ստանալու եւ աշխատանք գտնելու համար, 
ռուսականՙ ոորվհետեւ մտածում են Ռուսաստան տեղափոխվելու եւ այնտեղ 
աշխատելու մասին: Եթե գոնե քսան երեխա հավաքվի, ես կկարողանամ վերաբացել 
հայկական բաժինը», ասաց թիվ 86 դպրոցի տնօրեն Սուսաննա Գեւորգյանը: Այժմ շաբաթը երկու անգամ դպրոցում անցկացվում են արտաժամյա
 հայերենի դասընթացներ: Աշակերտների մասնակցությունը կամավոր է: «Եթե 
ծնողները շարունակեն իրենց երեխաներին ուղարկել միայն ռուսական եւ վրացական
 դպրոցներ, մենք կկանգնենք լեզուն կորցնելու վտանգի առջեւ: Հայկական 
դպրոցները փակվում են հայ ծնողների մեղքով», ասաց հայոց լեզվի ուսուցչուհի 
 Թամարա Գաբոյանը , որն այժմ միայն արտաժամյա դասընթացներ է վարում: Պատմության ուսուցչուհի Օֆելյա Մարտիրոսյանը 
հայկական սեկտորի փակումից հետո դասավանդում է վրացական բաժնում: Նրա երեք 
դուստրերն է ավարտել են հայկական բաժինը, կրտսերը հայկական սեկտորի վերջին 
շրջանավարտն էր:«Կրտսեր դուստրս աշխատանք չի կարողանում գտնել, որովհետեւ 
բավարար վրացերեն չգիտի», ասաց Օֆելյա Մարտիրոսյանը: «Ծնողները
 կարծում են, որ հայկական սեկտորում կրթությունն այն որակի չէ, ինչ 
ռուսական եւ վրացական: Ես վստահ կարող եմ ասել, որ սխալ կարծիք է: Հայկական
 սեկտորի շրջանավարտները նույն հաջողությամբ կարող են ընդունվել 
բարձրագույն հաստատություն: Նրանք պարզապես պետք է մի փոքր ավելի շատ 
աշխատեն», նշեց հայկական թիվ 104 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լամարա
 Ղազարյանը : Փակվում են հայկական դպրոցները, 
նվազում է նաեւ Թբիլիսիում գործող հայկական թատրոնի հանդիսատեսը: Վերջին 
տարիներին ռուսերեն են թարգմանվում բոլոր ներկայացումները, եւ հայ 
հանդիսատեսը դերասանների հայերեն խոսքը լսելու փոխարեն ստիպված է օգտվել 
ականջակալներից: «Հայկական դպրոցների փակման հետեւանքով կկորցնենք նաեւ 
հայկական թատրոնը», ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն 
Բայանդուրյանը : 16-ամյա Մարիամ Ավագովան 
Հայաստանում հաճախ է եղել: Մասնակցել է հայրենիքում անցկացվող 
օլիմպիադաներին, սակայնՙ ռուսերեն լեզվով: Հայերեն դժվարությամբ է խոսում: 
Եվ թեպետ հաջորդ տարի ավարտելու է ռուսական դպրոցը, որոշել է երբ հայրենիք 
այցելի խոսելու է վարժ հայերենով: 
		
	  |