«Նախապես հայտարարվել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների: Չնայած բոլոր
հայտարարություններին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման
քաղաքականությունը չխանգարեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման
գործընթացին: Ցեղասպանության հարցը եղել է և կմնա Հայաստանի արտաքին
քաղաքականության գերակայությունը», - ասել է պատգամավորը, ավելացնելով, որ
20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստն նախ`պետք է ընդունի Թուրքիան:
Սամցխե-Ջավախեթիի հիմնախնդիրների մասին խոսելով, Տաճատ Վարդանյանն ասել է,
որ սոցիալ-տնտեսական, մշակութային, լեզվական և հայ ազգաբնակչության այլ
հիմնախնդիրներ պետք է լուծվեն բացառապես Երևանի և Թբիլիսիի միջև
երկխոսության միջոցով:
«Ջավախքը Հայաստանն ու Վրաստանը կապող
կամուրջ պետք է լինի: Մենք համարում ենք, որ Վրաստանի իշխանությունները
պետք է փոխեն իրենց քաղաքականությունը ջավախահայերի նկատմամբ: Հայաստանի և
Վրաստանի միջև եղբայրական հարաբերությունները պետք է զարգանան հարգանքի և
հավասարության հիման վրա»,- ասել է հասարակական կազմակերպության
համանախագահը:
Նա ավելացրել է նաև, որ Ջավախքում հայերի վիճակի
բարելավումը բարենպաստ ազդեցություն կունենա հայ-վրացական
հարաբերությունների վրա: Տաճատ Վարդապետյանը հատուկ կարևորել է Ջավախքում
հայ բարեգործների ներդրումները, նշելով, որ դա կօգնի լուծել տարածաշրջանի
սոցիալ-տնտեսական հարցերը:
Ինչ վերաբերում է Ջավախքում մեսխեթցի
թուրքերի վերաբնակեցման մասին լուրերին, պատգամավորը հայտարարել է, որ
դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Բացի այդ, ես կարծում եմ, որ
դրա մասին առաջին հերթին պետք է մտածեն Վրաստանի իշխանությունները, քանի որ
դրանով վտանգ է սպառնում այդ երկրի ազգային անվտանգությանը», - ասել է
Տաճատ Վարդապետյանը: