Բեռլինյան պատի փլուզման 20-ամյակի տարելիցին ասուլիսի ժամանակ
անդրադարձան Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ
Ալեքսանյանն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
«20 տարի առաջ տեղի ունեցածը շատ դրական իրադարձություն էր: Բեռլինյան
պատի փլուզումը դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն գերմանական ժողովրդի
համար, այլև ողջ մարդկության, միջազգային հարաբերությունների վրա»,- ասաց
Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ Տիգրան Կարապետյանի, եթե փլուզվել է Գերմանիայի ժողովրդին ժամանակին
բաժանող պատը, նման մի պատ սկսել է առաջանալ Հայաստանի շուրջ:
«Մենք՝ հայերս, պետք է մտածենք, որ չորս կողմից շրջափակված ենք: Եվ
կարևոր չէ, որ իրատեսական պատ լինի, որ մենք դա պատկերացնենք»,- ասաց Տ.
Կարապետյանը` հավելելով, որ հայության համար հետզհետե բարդ խնդիր է դառնում
իր առանձին հատվածների, մասնավորապես՝ ջավախքահայության կարիքների մասին
հոգալը:
«Մենք արդեն չենք կարողանում Ջավախքում մեր ազգակիցներին նույնիսկ
գրականություն ուղարկել: Իշխանավորը պետք է մտածի, թե ինչ անի, որ ճանապարհ
հարթի դեպի Ջավախք: Փաստորեն, այս պատն անտեսանելի է, բայց կա»,- նշեց Տ.
Կարապետյանը:
|