«Արցախի ազատագրված հողերը չբնակեցվեցին իշխանությունների ապաշնորհ
քաղաքականության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` պատասխանելով Aysor-ի
հարցին, թե ինչպե՞ս կգնահատի անցած տարիների դեմոգրաֆիական
քաղաքականությունը:
Նա նշեց, որ շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում Լաչինում, Աղդամում և
մյուս շրջաններում: Մ. Եղիազարյանի համոզմամբ` ոչ մեկը չցանկացավ հայ
ժողովրդի համար գլոբալ հարց լուծել. «99 %-ն ուզում են իրենց ստամոքսի,
իրենց կեցության հարցը լուծել: Դրա համար ոչ մի բան չստացվեց»:
Ազատամարտիկի խոսքերով, եթե մեկն ունի շատ կապիտալ, շատ սեփականություն,
ապա դա քամուն չի տալիս ու չի հրաժարվում, այլ տալիս է վարձով, կամ այլ
կերպ է օգտագործում:
«Թող մեզ տան Արևմտյան Հայաստանը, մենք կորոշենք` ինչ անել»,- ասաց Մ.
Եղիազարյանն ու հավելեց. «Մեզ սպանեցին, մեր վարկանիշն ընկավ: Հենց
Արևմտյան Հայաստանը ձեռք բերենք, Նախիջևան, Ջավախք, մեր ռեյտինգը սարսափելի
բարձրանալու է: Էլ մենք 8-9 մլն չենք լինելու, լինելու ենք 18-20 մլն:
Հաղթողի շարքերն են համալրում: Թույլերից, պարտվողից բոլորը փախնում են: Ես
ուժեղ Հայաստանի մասին եմ խոսում»: