Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը փլուզվել էր 2009
թվականի նոյեմբերին, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների
օժանդակությամբ վերականգնման աշխատանքներ են ընթանում: 1356 թվականին
կառուցված հուշակոթողը վերականգնելու աշխատանքները քննարկելու նպատակով
օգոստոսի 5-ից աշխատանքային այցով Թբիլիսի էր մեկնել ՀՀ մշակույթի
փոխնախարար Արեւ Սամուելյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության
ղեկավարը նոր է վերադարձել Հայաստան, սակայն հայաստանցի փորձագետները
դեռեւս շարունակում են աշխատանքները եկեղեցու վերականգնման աշխատանքների
ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
Նշենք, որ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային
գործակալությունն այս տարվա հուլիսին ՀՀ մշակույթի նախարարությանը գրավոր
տեղեկացրել էր, որ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման նախագծի
մշակման նպատակով, եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական
ուսումնասիրություններ: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար
Զուրաբ Միմինոշվիլու հավաստմամբ, նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում
է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ
ավարտվել է հուշարձանի չափագրումը եւ իրականացվում են եկեղեցու հիմքի
ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքները:
Հարցին, թե ո՞ր կողմն է հոգում հուշակոթողի վերականգնման համար
անհրաժեշտ ֆինանսները, Մշակույթի նախարարության հասարակայնության հետ
կապերի բաժնի պետը պատասխանեց. «Ներկայումս վերականգնողական աշխատանքներից
առաջ նախագծա-նախահաշվային աշխատանքներ են արվում: Ի սկզբանե նախատեսված
էր, որ այս տարի պետք է կատարվեն նախագծային աշխատանքներ: Դա էլ իր
ֆինանսական մասն է ենթադրում, որն իրականացնում է վրացական կողմը, քանի որ
հուշակոթողն իրենց տարածքում է գտնվում: Իսկ հետագայում, երբ այդ փուլն
ավարտվի, կարող են քննարկվել նաեւ այլ հարցեր»:
Դուրգարյանը հավելեց նաեւ, որ առաջիկա օրերին Թբիլիսի մեկնած հայկական
պատվիրակությունը, որի կազմում են հայաստանցի հնագետներն ու այլ
մասնագետներ, կվերադառնա Հայաստան եւ այցի արդյունքների վերաբերյալ
ամբողջական տեղեկատվություն կտարածի: