Վրաստանի իշխանությունները չեն շտապում հրապարակել
Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների երեկվա ընտրությունների
արդյունքները:
Չնայած այսօր օրվա առաջին կեսին արդեն պետք է հրապարակված լինեին
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքները: «Ջավախքում չեն
հրապարակել միայն Ախալքալաքի շրջանի ընտրությունների արդյունքները: Եթե չեն
հրապարակել, դա նշանակում է, որ դրա տակ լավ բան չկա: Անկախ ամեն ինչից,
ես չեմ կարծում, որ Ջավախքում ՏԻՄ ընտրությունների արդյունքները անվավեր
ճանաչվեն»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ջավախք» հայրենակցական
միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Վրաստանի մյուս տարածքներում հրապարակված տվյալների համաձայն` հաղթող է
ճանաչվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու գլխավորած «Ազգային
Շարժում» կուսակցությունը:
Ծնունդով Ջավախքից պատգամավորը վստահեցնում է, որ երբեք ընտրությունները
չեն արտացոլել Ջավախքի տրամադրությունները: Նա համոզված է, որ
ընտրություններին մասնակցել է միայն Ջավախքում ընտրելու իրավունք ունեցող
80000 բնակիչների ոչ ավելին, քան 15 տոկոսը. «Կներկայացնեն ընտրողների
մասնակցության բարձր տոկոս եւ այդ դեպքում հաղթող կճանաչվի
իշխանությունների թեկնածուին»:
Ընտրությունների նկատմամբ ջավախքցիների անտարբերությունը Շիրակ
Թորոսյանը բացատրում է մի քանի հանգամանքով. «Մարդիկ հիմնականում մեկնել են
արտագնա աշխատանքի, գյուղատնտեսության համար բուռն ժամանակահատված է եւ
ամենագլխավորը` մարդիկ ակնկալիք չունեն պետությունից, իշխանությունից:
Տարիներ շարունակ, ընտրությունները, թեկնածուները գալիս ու գնում են, բայց
կյանքը չի փոխվում դեպի դրական»:
Ի դեպ, Շիրակ Թորոսյանը «Ա1+»-ին նաեւ հայտնեց, որ Ջավախքում
իշխանության թեկնածուները որեւէ նախընտրական ծրագիր չեն ներկայացրել. «Երբ
նրանց հարցրել են, թե ո՞րն է ծրագիրը. իշխանության թեկնածուներն ասել են,
թե ծրագիր չունեն` աշխատել են, իրենց աշխատանքը բոլորը տեսել են»:
Շիրակ Թորոսյանը չհերքեց, որ Վրաստանում հրապարակված ընտրությունների
պաշտոնական տվյալներով Ջավախքում միշտ հաղթում է իշխանությունների
թեկնածուն կամ թեկնածուները, սակայն ավելացրեց. «Վրաստանի իշխանությունները
Ջավախքում միշտ բարձր տոկոս են ներկայացրել, քանի որ իրենց համար շատ
կարեւոր է ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունն իրենց է ձայն տալիս:
Իրականում ջավախահայության իրավունքները մշտապես ոտնահարել են,
իշխանությունների քաղաքականությունը չի գոհացնում ջավախահայությանը»:
Այսինքն, Վրաստանի իշխանությունները Ջավախքում մշտապես կեղծում են
ընտրությունների արդյունքները. «Ա1+»-ի հարցին` Շիրակ Թորոսյանը
պատասխանեց. «Փաստորեն, այո»:
|