Ռուսաստանի ջավախահայերը պահանջում են Վրաստանում ազգային փոքրամասնությունների նախարարություն ստեղծել
Վրաստանին անհրաժեշտ է ազգային փոքրամասնությունների նախարարություն
ստեղծել: Այդ մասին ասված է Ռուսաստանի ջավախահայերի սփյուռքի տարածած
հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ գործող
իշխանությունը համառորեն չի ցանկանում լսել եւ տեսնել առկա խնդիրները,
ավելին, չի ընդունում ազգային փոքրամասնությունների գոյությունը, նաեւ չի
հետեւում մասնագիտական վերլուծություն պարունակող բազմաթիվ հոդվածներին ու
հրապարակումներին, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների
խորհուրդներին` Վրաստանում ապրող փոքրամասնությունների վերաբերյալ:
«Ելնելով առկա իրողություններից, նաեւ հաշվի առնելով այն, որ Վրաստանի
նախագահի ազգային փոքրամասնությունների գծով մեկ խորհրդականն ի վիճակի չէ
լուծել եւ վերացնել խնդիրները, պահանջում ենք ազգային
փոքրամասնությունների հարցերով նախարարություն ստեղծել»,- ասված է
հայտարարության մեջ: