Главная » 2010»Июнь»18 » Պաատա Զաքարեիշվիլի. «Վրաստանում հայկական եկեղեցիները խայտառակ վիճակում են գտնվում»
22:17
Պաատա Զաքարեիշվիլի. «Վրաստանում հայկական եկեղեցիները խայտառակ վիճակում են գտնվում»
Վրաստանում հայկական եկեղեցիները խայտառակ վիճակում են գտնվում: Այս մասին Կովկասի ինստիտուտի մարտի 25-ի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Վրաստանում Խաղաղության եւ ազգայնամոլության հետազոտությունների ղեկավար, վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա, այն եկեղեցիները, որոնք մինչեւ հեղափոխությունը հայկական էին, պետք է վերադարձվեն Հայ եկեղեցուն:
Պ.Զաքարեիշվիլին գտնում է, որ Վրաստանում հայերի իրավունքները ավելի շատ պաշտպանվում են, քան խախտվում: Այլ հարց է, որ Վրաստանը պատշաճ կերպով չի կատարում Եվրոխորհրդի առջեւ ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես, ազգային փոքրամասնություններին վերաբերող փաստաթղթերի վավերացման հարցով: Նրա գնահատմամբ, թեեւ ազգային փոքրամասնությունների, այդ թվում` ջավախահայության, խնդիրների լուծման որոշակի դինամիկա կա, սակայն իշխանությունները ավելի վճռական պետք է լուծեն այդ խնդիրները: Պ.Զաքարեիշվիլին հաճախ է այցելում Ջավախք եւ գտնում է, որ ջավախահայերի պահանջները հիմնավոր են:
Պ.Զաքարեիշվիլին նշեց, որ Վրաստանում տարածված կարծիք կա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից Վրաստանը կտուժի, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը կկորցնի Վրաստանի, որպես բեռների տարանցիկ փոխադրման երկրի, հանդեպ իր հետաքրքրությունը: Նա չի կիսում այս կարծիքը, հակառակը, գտնում է, որ եթե գործընթացում դինամիկա լինի, դրանից կշահի ողջ տարածաշրջանը:
Վրացի վերլուծաբանը վստահություն հայտնեց, որ թեեւ վրաց-օսական եւ վրաց-աբխազական կոնֆլիկտներում ռուսական բաղադրիչը շատ մեծ նշանակություն ունի, այնուամենայնիվ դրանց կարգավորման հարցում որոշիչ կարող է դառնալ ուղղակի կապերի հաստատումը: Իսկ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում, ինչպես նշեց Պ.Զաքարեիշվիլին, կա որոշակի սառեցում. ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը «այնքան հեռու է, որ համարյա թե ռեալ չէ»: