Այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնը
հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին բացվելու է Սոնյա Պալասանյանի խմբակային
ամենամյա ցուցահանդեսը` «Բազմաշերտ ինքնություն եւ հասարակական կառույց»
խորագրով: Ցուցահանդեսին մասնակցում են հիմնականում հասարակությանը քիչ
ծանոթ սկսնակ արվեստագետներ:«Յուրաքանչյուր
անհատ ունի իր ինքնության ծածկված եւ բացահայտ շերտերը: Ոմանք թաքնված են
եւ փակ անհատական ընտրությամբ, եւ ցանկությամբ, ոմանք` հասարակական
տաբուների պատճառով, եւ ուրիշները պարտադրված` հասարակական-քաղաքական
ճնշումների միջոցով: Ինքնության խորքային շերտերի ծածկված կամ բաց լինելու
հանգամանքը անձի ընտրությունն է` Կան անձինք, որոնք քաջություն ու
հանդգնություն ունեն հայտնելու կամ դրսեւորելու մի դիրքորոշում, կարծիք կամ
բնույթ` սեռային ուղղվածություն, քաղաքական դիրքորոշում, պատմական
իրադարձությունների մեկնաբանություն, եւ այլն, որը անընդունելի կամ
դատապարտելի է անմիջական հանրության կողմից: Բայց համենայնդեպս նրանք
հանդգնում եւ արտահայտում են դրանք: Արվեստագետների մեծ մասը իրենց
անձնական եւ մասնավոր զգացմունքները սովորաբար եւ մեծ մասամբ ներկայացնում
են փոխաբերական իմաստ կրող սիմվոլների միջոցով: Մի հանգամանք, որը
հարստացնում է գործը եւ առիթ տալիս մեկնաբանությունների, մտորումների եւ
երկխոսության: Կան արվեստագետներ որոնք բացահայտ են եւ անկաշկանդ, որը
նույնպես ընդունելի արտահայտչաձեւ է…»,- այսպես է ներկայացնում
ցուցահանդեսը իր ազդի մեջ: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ
սեպտեմբերի 30-ը:
|