Օրեր առաջ ԱԺ պատգամավոր,
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ահազանգել էր,
թե Թբիլիսիում հատուկ ծառայությունների կողմից վերջերս հայ մանկավարժների
սև ցուցակ է պատրաստվել, որում ներառված են հիմնականում հայոց լեզվի և
պատմության առարկա դասավանդող մանկավարժները և որոնց այլևս չի թույլատրվում
աշխատել ոչ միայն Վրաստանի, այլև Ջավախքի հայկական դպրոցներում:
Այսօր նման ահազանգ է հնչեցնում Թբիլիսիի հայկական ասամբլեյան.
«Վրաստանում հայոց լեզվի դեմ «կռիվ» է սկսվել։ Ջավախքում սկսել են կրճատել
հայոց լեզվի ջատագովներ հանդիսացող ուսուցիչներին»։
Հայկական ասամբելեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանը նշել է որ Վրաստանի
հայկական դպրոցների թիվը տարեցտարի կրճատվում է։ Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝
Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որպեսզի հայկական դպրոցները
զարգանան: Վրաց իշխանությունների միտումը հասկանալի է. «Նորմալ գիտելիք
չունեցող համայնքին ավելի հեշտ է կառավարել»,- նշեց նա։
Թբիլիսիի հայկական ասամբլեան ահազանգում է՝ Վրաստանի, մասնավորապես՝
Ջավախքի հայկական դպրոցները լուրջ բարեփոխումների կարիք ունեն։ Ըստ
Ստեփանյանի՝ այս հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի,
մինչդեռ.«Հայաստանի կառավարությունը չի համագործակցում մեզ հետ»,-դժգոհում է
Ստեփանյանը:
«Ես մտադիր էի հանդիպել և այդ հարցը ներկայացնել վերջերս Վրաստան
այցելած Հայաստանի արտգործնախարարին։ Ցավոք, և ինձ, և այն անձանց, ովքեր
ցանկություն ունեին բարձրաձայնել հայության խնդիրները, չթույլատրվեց
հանդիպել Էդվարդ Նալբանդյանի հետ»,- ընդգծեց Ստեփանյանը։
|