Ջավախքի
Սաթխա գյուղը, որն ունի շուրջ 5500 բնակչութիուն և 700 տնտեսութիւն, իր
օրուայ ապրուստը վաստակում է անասնապահութեամբ ու գիւղատնտեսութեամբ:
Բնակիչների խօսքով նաև` այստեղ խնդիր կարելի է գտնել ցանկացած ոլորտում:
«Մերն ապրելիք չէ, քաշելիք է. ամէն պրոբլեմ էլ կայ, ի՞նչ
ունենք որ. ոչ մի բան էլ չունենք, մի հատ հաւի ու կովի ապրուստով ենք
մնացել»,- Aysor-ի հետ զրոյցում նշեց գիւղի բնակիչ 44-ամեայ Սպիրիդոն
Ստեփանեանը, ով ներկայացաւ որպէս «գիւղի տրակտորիստ»: Ս. Ստեփանեանի
խօսքերով, սակայն, իրենց չի յաջողւում նոյնիսկ բաւարար պայմաններով
գիւղատնտեսութեամբ զբաղւել, քանի որ «ոչ մէկը չկայ, որ օգնութեան ձեռք
մեկնի»: Այսպէս, օրինակ, 20 լիտր վառելիք գնելու դիմաց, ըստ նրա, 1 կով են
պահանջում (նոյն գինն է): «4 մեշոկ կարտոշկայ կտանինք Թիֆլիս, 2-ը
ձեռքներիցս կառնեն, Հայաստան կուգանք` Հայաստանում ռաստամոժկայ կուզեն, էլ
ինձ որտեղի՞ց 60 լարի, որ 4 մեշոկ կարտոշկայ ռաստամոժկայ անեմ»,- նկարագրեց
Ս. Ստեփանեանն ու յաւելեց, որ իրենց վիճակը «2 քարի արանքից էլ է բեթար.
յետևը սուր, առաջը թուր, չգիտեն` ի՞նչ պէտք է անեն»: Գիւղացին ասաց, որ
ոչ մի լաւ բան չեն տեսնում և ոչ մի լաւ բանի յոյս էլ չունեն: Գիւղում
վերջին 22 տարւայ ընթացքում տեղի ունեցած միակ փոփոխութիւնը, ըստ նրա,
ոռոգման ջուրն է, որը եթէ չլինէր «գիւղում միայն չոր գերեզմանները
կմնային»: «Մեր պրոբլեմն առաջին հերթին դակումենտերն են: Մեզ ո’չ
Հայաստանն է պէտք, ո’չ Վրաստանը, մեզ մի դակումենտ տան` գնանք Ռուսաստան,
մեր ապրուստը կճարինք, ուրիշ ոչ մի բան պէտք չէ»,- յայտնեց Ս. Ստեփանեանը,
ով արտագնայ աշխատանքի մէջ է միայն տեսնում գիւղի բնակչութեան խնդիրնների
լուծումը, և յաւելեց. «Մենք պէտք է դուրս գանք, մենք աշխատաւոր ժողովուրդ
ենք, մենք ջաւախքցի ենք, մենք կռիւ չենք սիրէ, մենք աշխատանք ենք սիրում»: Ըստ
նրա` համապատասխան փաստաթղթեր տրամադրելու հարցում իրենց կարող է օգնել
միայն վրացական իշխանութիւնը, քանի որ «Հայաստանն իր անելիքն արել է`
ջաւախքահայերին տալով երկքաղաքացիութեան իրաւունք»: Այս առիթով նա նշեց, որ
գիւղից շուրջ 670 երիտասարդ, երկքաղաքացիութիւն ստանալով, կարողացել է
մեկնել Ռուսաստան` արտագնայ աշխատանք կատարելու: Իսկ առհասարակ փաստաթուղթ
ստանալու համար էլ, Ս. Ստեփանեանի խօսքերով` «100 լարի են պահանջում, որով
մի ընտանիքը 2 ամիս կարող է ապրել»: «Խօսք են տւել, բայց արդէն 5 ամիս է
մեզ ոչ մի դակումենտ չեն տւել: Երեխաս բանակի տարիքին է, էլի բանակից չենք
խուսափի, բայց տղես Վրաստանի քաղաքացի է, իսկ մենք Վրաստանից ոչինչ չենք
տեսնի, ու՞մ համար ծառայի»,- սրտնեղւեց գիւղացին, բայց յաւելեց, որ եթէ
բանակից խուսափող լինէր, կամաւոր կերպով չէր մասնակցի Արցախի ազատագրական
հերոսամարտին: 65-ամեայ Նազիկ Բրոյեանը, սակայն, չի դժգոհում իրենց
վիճակից, չնայած, իր խօսքերով, գիւղում ապրում են ինքն ու ամուսինը` երկու
թոշակառու, ովքեր իրենց թոշակով ոչինչ չեն կարողանում անել: «Երեխաներս
Ռուսաստան կապրին` 4-ը, մեր ամբողջ ապրուստն էնտեղից կուգայ: Ամէն ամառ
թոռներս կուգան մեզ մօտ արձակուրդ, հայրենի գիւղի գետերը, լեռները, այս լաւ
վայրերը տեսնելու»,- թոռների գլուխը շոյելով պատմեց տիկին Նազիկը: Տիկին
Նազիկի խօսքերով` գիւղում գրեթէ չկայ մի ընտանիք, որում արտագնայ աշխատանք
կատարողներ չլինեն: Մինչդեռ գիւղի բնակչուհի Ռուզաննա Ստեփանեանը նշեց, որ
իւրաքանչիւրն ինքն է որոշում ի՞նչ աշխատանք և որտե՞ղ կատարի: Նա համոզւած
է, որ ցանկութեան դէպքում` մարդիկ այդ նոյն աշխատանքը կարող են գտնել
ինչպէս Վրաստանում, այնպէս էլ Հայաստանում: Միևնոյն ժամանակ նկատեց, որ
գիւղից հեռանում են հիմնականում երիտասարդները, ովքեր «Սաթխայում ապագայ
չեն տեսնում»: Անկախ խնդիրներից` բոլորը միակարծիք էին այն հարցում, որ
գիւղն աջակցութեան կարիք ունի, և եթէ գիւղում էլ ստեղծւեն ապրելու,
սովորելու ու գործելու պայմաններ` «ոչ ոք էլ ոչ մի տեղ չի գնայ»: