Վրաստանում մայիսի 30-ին կայացած ՏԻՄ
ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել «Երկիր» միությունը,
որում ասվում է.
«2010թ. մայիսի 30-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններն անցան ջավախքահայության կողմից դրանց փաստացի
բոյկոտելու պայմաններում: Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ախալքալաքի և
Նինոծմինդայի շրջաններում արձանագրվեց համապատասխանաբար 70% և 75%
ընտրողների մասնակցություն, սակայն տեղական և միջազգային դիտորդների
կարծիքով իրական մասնակցությունը չի գերազանցել 15%-ը: Կեղծված
ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարեցին հայության
իրավունքները պաշտպանող ջավախքյան ուժերը:
Չմասնակցելով ընտրություններին՝ ջավախքահայությունն իր վերաբերմունքն
արտահայտեց վրացական իշխանությունների կողմից վերջին տարիներին Ջավախքում
իրականացվող բռնաճնշումների քաղաքականության նկատմամբ, քաղաքկանություն
հիմնական տարրեն են.
- Շինծու մեղադրանքների հիման վրա ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն
Չախալյանի տասը տարվա ազատազրկման դատապարտելը, ջավախքահայ ակտիվիստների
ապօրինի հետապնդումները,
- Վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական-քաղաքական
կյանքի փաստացի վերահսկումն ու ուղղորդումը,
- Ջավախքահայության իրավունքները պաշտպանող տեղական քաղաքական
կազմակերպությունների գրանցման մերժումը,
- Ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային նորմերով
երաշխավորված ջավախքահայության հասարակական-քաղաքական, լեզվա-կրթական,
մշակութային և կրոնական իրավունքների կոպիտ ոտնահարումը:
Կարելի է արդեն արձանագրել, որ վրացական իշխանությունները կեղծելով
Ջավախքում ՏԻՄ ընտրությունների արդյունքները էլ ավելի խորացրեցին
ջավախքահայության օտարումը Վրաստանի ներքին քաղաքական կյանքից, էլ ավելի
մեծացրեցին իրենց և ջավախքահայության միջև գոյություն ունեցող
անըմբռնողության անջրպետը:
Սա անկանխատեսելի հետևանքներով հղի այն իրավիճակն է, որի մասին բազմիցս
ահազանգել է «Երկիր» միությունը: Կազմակերպության ահազանգների նկատմամբ
միջազգային կառույցների, ԱՄՆ և Եվրամիության համապատասխան մարմինների
ցուցաբերած ուշադրությունն ու հետաքրքրությունը, սակայն, դեռևս չի
հանգեցրել իրավիճակի շտկմանն ուղղված կոնկրետ և գործուն քայլերի:
Ջավախքահայության տարրական իրավունքների, տվյալ դեպքում՝ ՏԻՄ-երում ազատ
եւ արդար ներկայացվածության իրավունքի, կոպիտ ոտնահարման այս փաստի
պայմաններում Վրաստանի գործընկեր-պետությունների կողմից ցուցաբերվող
անգործությունը միմիայն խորացնելու է ժողովրդավարական արժեքների և
ընթացակարգերի նկատմամբ երկրի հայ համայնքի հիասթափությունը, հանգեցնելու է
տարածաշրջանում ժողովրդավարության նախանջի գործընթացների հետագա
ուժեղացմանը: Իրավիճակի նման սցենարով զարգացման թույլ չտալը Հարավային
Կովկասի տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր կառույցների և
երկրների ուղղակի պարտականությունն է»: