Օգոստոս 30, 2010 | 09:49
ԱՄՆ-ում մեկնարկել է Dollar ReDe$ign Project անվանումը կրող
դիզայներական մրցույթը, որի մասնակիցներն առաջարկում են ամերիկյան արժույթի
արտաքին տեսքի նոր տարբերակներ: Մրցույթի նախնական տվյալներով, որը պետք է
շարունակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, ամենաշատ ձայներ է հավաքել
բրիտանա-ամերիկյան Dowling Duncan դիզայն ստուդիայի նախագիծը, որտեղ
հեղինակները որոշել են, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը շատ երկար է
«լռվել» մեկ դոլարանոցի վրա: Նախագծի հեղինակները նախատեսում են նրա
փոխարեն մեկ դոլարանոցի վրա պատկերել Բարաք Օբամայի նկարը, այն պարզ
պատճառով, որ նա առաջին աֆրո-ամերիկացի նախագահն է ԱՄՆ պատմության մեջ,
գրում է www.gcoins.net/ru/blog
պորտալը:
Դիզայն ստուդիան մյուս թղթադրամների համար առաջարկել է հետեւյալ
մեկնաբանությունները. 5 դոլարանոցը խորհրդանշում է Ամերիկայի 5 խոշոր
հնդկացիական ցեղերը` չերոկի, նավահո, սիու, չիպեվա եւ չոկտո: 10 դոլարանոցը
խորհրդանշում է ԱՄՆ սահմանադրության մեջ կատարված 10 փոփոխությունները: 20
դոլարանոցը խորհրդանշում է 20-դ դարում ԱՄՆ ձեռքբերումները, իսկ 50
դոլարանոցը կապվում է ԱՄՆ 50 նահանգների հետ: 100 դոլարանոցի վրա
առաջարկում են տեղադրել Ֆրանկլին Դելանոր Ռուզվելտի դիմանկարը, որի
կառավարման առաջին 100 օրը նշանավորվել է բազմաթիվ դրական բարեփոխումներով: