Օգոստոս 31, 2010 | 11:32
«Ազգ» թերթն անդրադարձել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում մեկնարկելիք
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի (ՄԱԿ ԳԱ) 65-րդ նստաշրջանին:
«Այս իրադարձությունը հայ հանրության ուշադրությանն արժանացել է առայժմ
մեկ պատճառով` նստաշրջանի օրակարգում է Ադրբեջանի առաջարկած «Իրավիճակը
Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծերը: Ընդհանրապես, ՄԱԿ
ԳԱ բանաձեւերի ու դրանց ընդունման մասին խոսելիս, անհրաժեշտ է հաշվի առնել
մի քանի կարեւոր օրինաչափություն:
Նախ` ԳԱ բանաձեւերը պարտադիր իրավական բնույթ չեն կրում: Դրանք
քաղաքական ակցիա են, առանձին հարցերում դաշնակիցների միջեւ համերաշխության
հավաստում, որոնք սակայն ակտիվ օգտագործվում են քարոզչական նպատակներով:
Լավագույն օրինակն այս առումով Իսրայելն է:
ՄԱԿ ԳԱ գրեթե բոլոր նստաշրջաններում մեկ տասնյակից ավելի բանաձեւեր են
ընդունվում` կապված հարեւանների հետ Իսրայելի ունեցած խնդիրների հետ, եւ
գրեթե բոլոր դեպքերում դրանք հակաիսրայելական բնույթ են կրում: Բայց փաստն
այն է, որ արդեն մի քանի տասնամյակ ո՛չ Գոլանի բարձունքներն են ազատված,
ո՛չ Պաղեստինի խնդիրն է լուծված եւ ո՛չ էլ Երուսաղեմի կարգավիճակն է
հստակեցված: Ադրբեջանի պարագայում եւս արդյունքը նույնն է` հակամարտության
կարգավորման վրա այդ որոշումներն ազդեցություն չեն ունենում, բայց դրանց
վրա հղումով հակահայկական քարոզչության երկրաչափական պրոգրեսիայով
ինտենսիվացումը գնալով դժվարացնում է այդ լուծումը (հավանաբար Ադրբեջանը
ցանկանո՞ւմ է հակամարտությունների «կարգավորման» մերձավորարեւելյան մոդելը
տեղայնացնել Կովկասում):
Երկրորդ` ՄԱԿ ԳԱ-ում ձայների բաշխվածությունը (192 անդամ երկրներից
յուրաքանչյուրն ունի մեկ ձայն), շահերի բազմազանությունը ու հատկապես
որոշումների ընդունման պարզ մեխանիզմները հնարավորություն են ընձեռում
ամենատարբեր հարցերում անխոչընդոտ որոշումներ անցկացնել: Ինչպես ցույց է
տալիս փորձը, տեսականորեն բոլոր երկրներն էլ կարող են ՄԱԿ ԳԱ օրակարգ
ներմուծել սեփական ընկալումներին համահունչ բանաձեւերի նախագծեր ու որոշակի
ժամանակահատված սպասելով, օգտվելով հարմար կոնֆիգուրացիայից, դրանք
անցկացնել»,-նկատում է «Ազգ»-ի մեկնաբանը: