Օգոստոս 30, 2010 | 12:23
Էներգետիկ հարցերի, տնտեսական կապերի, ինչպես նաեւ տարածաշրջանում
իրականացվող բազմավեկտոր քաղաքականության ու ուժերի բաշխվածության առումով
Հարավային Կովկասը շարունակում է մնալ համաշխարհային զարգացումների
ուշադրության կենտրոնում։ Օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ
հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ
Զաքարյանը։
Նրա խոսքով, տարածաշրջանը վերջին ժամանակներս կարեւորություն է ձեռք
բերել նաեւ հայ-ռուսական ռազմական նոր պայմանավորվածության առումով։
«Հարավային Կովկասում կայուն զարգացման համար գերտերությունները, այդ
թվում՝ Ռուսաստանը, ջանքեր չեն խնայում։ Պատճառն, առավելապես,
տարածաշրջանում առկա ադրբեջանական ապակառուցողական գործողություններն ու
հայտարարություններն են»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ միաժամանակ ավելացնելով,
որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, մեծամասամբ, ուղղված են
ներքին սպառմանը։ «Միաժամանակ հնարավոր չէ պնդել, որ այդ
հայտարարություններն իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Փաստ է, որ Ադրբեջանը
տարեցտարի ավելանում է իր ռազմական ծախսերը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազամակայանի ներկայությունը 49
տարով երկարաձգելու մասին նոր պայմանագրին՝ ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ այդ
ժամկետը բոլորովին էլ երկար չէ, ավելին, գործողությունների «բավական
տեսանելի ժամանակահատված է»։
«Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն արդարացված են,
պայմանագրի ժամկետները՝ եւս։ Կգա մի ժամանակ, երբ Հայաստանը պայմանագիրը
երկարաձգելու անհրաժեշտություն կունենա, որովհետեւ մենք խուսափում ենք
խոցելի լինելուց»,- ամփոփեց Արտակ Զաքարյանը։
Նշենք, որՀայաստանում ռուսական ռազամակայանի ներկայությունը 49 տարով
երկարաձգելու մասին արձանագրությունը կնքվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի
Մեդվեդեւի՝ օգոստոսին Հայաստան կատարած պատեկան այցի շրջանակներում։