Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահան Տերյան մշակութային
կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը ներկայացրեց Վահան Տերյանի 125-ամյակի
կապակցությամբ ծրագրված համալիր միջոցառումները:
Ա. Հակոբյանն ընդգծեց, որ այս տարի հայտարարվել է Վահան Տերյանի տարի, և
ՀՀ վարչապետի գլխավորությամբ կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով,
հաստատվել է միջոցառումների ծրագիրը:
Բանախոսը տեղեկացրեց, որ փետրվարի 9-ին Պանթեոնում ավանդաբար նշվելու է
Վահան Տերյանի ծննդյան օրը: Տերյանական միջոցառումները եզրափակվելու են
Արամ Խաչատրյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:
«Հրավիրված է տերյանասեր և տերյանապաշտ հասարկությունը»,- շեշտեց Ա.
Հակոբյանը:
Ինչ վերաբերում է այս տարվա ընթացքում Վ. Տերյանի գործերի
հրատարակությանը, ապա Առուշան Հակոբյանը նշեց, որ Կառավարության կողմից
արդեն հաստատվել է և հրատարակվելու է Վահան Տերյան հանրագիտարանը` 57
մամուլ ծավալով (ավելի քան 900 էջ):
«Հանրագիտարանում ընդգրկվելու է 20-րդ դարի մեր սիրելի պոետներից մեկի
պատմական, ստեղծագործական, գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գրական
ողջ կենսագրությունը` նախնիներից սկսած», - նշեց Առուշան Հակոբյանը: