Գյուղում մեկ եկեղեցի և մեկ
քահանա` ամբողջ շրջանի համար
Ջավախքի Սաթխա գյուղի բնակիչները հպարտանում են, որ իրենց գյուղում
հայկական եկեղեցին գտնվում է բարեկարգ վիճակում, մինչդեռ վրացականը`
«անտերության մատնված` փլատակների է վերածվելու»:
«Որտեղ հայ` այնտեղ եկեղեցի» արտահայտությունը բնորոշ է նաև Ջավախքին:
Ինչպես ամեն տեղ, այնպես էլ Ջավախքում, հայերն առանձնահատուկ դերակատարում
ու կարևորություն են տալիս Հայ Առաքելական եկեղեցուն:
Այնուամենայնիվ, շուրջ 5500 բնակչություն ունեցող Սաթխա գյուղի համար կա
մեկ գործող եկեղեցի, սակայն քահանան էլ մեկն է` ամբողջ շրջանի համար:
Գյուղի բնակիչները ստիպված շրջանի քահանային այլ բնակավարից կանչում են`
ցանկացած ծես կատարելու համար, իսկ եկեղեցական գլխավոր տոների ժամանակ`
քահանան ստիպված է մեկ օրվա ընթացքում մի քանի շրջանում տարբեր ժամերի
պատարագ մատուցել:
Aysor-ի հետ զրույցում Ջավախքի Սաթխա գյուղի բնակչուհի տիկին Արուսյակը
նշեց, որ, չնայած հոգևորականի պակասը լրացվում է, սակայն ինքը դեմ չէր
լինի, որ գյուղի հոգևորականը լիներ հենց գյուղից:
«Հավանաբար մեր գյուղից ոչ մեկ չի ցանկացել ճեմարանում ուսում ստանա,
հետո գա ու այստեղ քահանայություն անի, թե չէ հենց մեր գյուղից կլիներ մեր
քահանան»,- քահանայի բացակայության հանգամանքը մեկնաբանեց տիկին Արուսյակը:
Աղանդավորական խմբեր կան նաև Ջավախքում: Տիկին Արուսյակը չի սրտնեղվում
դրանից, քանի որ «ամեն մեկն իր պաշտամունքն ունի, և իրեն ոչինչ չի կարող
ստիպել, որ ինքն իր հավատը փոխի` աղանդավոր դառնա»:
Նշենք, որ Նինոծմինդա շրջանի, այդ թվում Սաթխա գյուղի հոգևոր սպասավոր
տեր Արմաշ քահանա Պողոսյանը, հրաժարվեց Aysor-ի հետ խոսել Ջավախքում առկա
հոգևոր խնդիրներից, ինչպես նաև այն խոչընդոտներից, որոնք առաջանում են
Վրաստանում` մինչ օրս Հայ առաքելական եկեղեցու պետականորեն գրանցված
չլինելու հանգամանքից ելնելով:
Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղոցու` Վրաստանում պետականորեն
գրանցում ստանալու խնդիրը կարևորվում է ոչ միայն հոգևոր, այլև մշակութային
ժառանգությանը տեր կանգնելու տեսանկյունից: Եզակի չեն այն դեպքերը, երբ
Վրաստանում հայկական եկեղեցիները վերանորոգելու պատրվակով, դրանցում
հայերեն մակագրությունները հիմնովին ոչնչացվում են, քանդվում է հայկական
եկեղեցիներին բնորոշ բեմը և եկեղեցին վերջնականապես վրացականացվում է, շատ
դեպքերում էլ հիմնահատակ ոչնչացվումեն հայկական եկեղեցիներն ու դրանց
շրջապատող ցանկացած հայկական տարր` սկսած խաչքարերից մինչև հայկական
մակագրություններով գերեզմանաքարեր:
|