«Հավատացյալ անհավատ եմ, տարիներիս հավատում եմ,
շուտով 60 տարեկան եմ, ծերանալուս չեմ հավատում, վեցից հետո յոթն ունեմ…»: 2009
թ. գրած բանաստեղծության այս տողերը բնութագրում են Գուրի Եթերին:
Գուրի Ավետիսյանին Ջավախքում ճանաչում են որպես բանաստեղծ Գուրի Եթեր: Նրա բանաստեղծությունների լավագույն ու մշտական
ասմունքողը կինն է` բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին: Երկուսն էլ Հայ
գրողների միության անդամ են: Բանաստեղծների ընտանիքն ապրում է Ախալքալաքի
շրջանի Տուրցխ գյուղում: 8 երեխա ունեն` 6 աղջիկ եւ երկու տղա: 5-ին
արդեն հասցրել են ամուսնացնել եւ 9 թոռ ունենալ: «Աշխարհում երեխուց
թանկ ի՞նչ կարող է լինել. եթե երեխան չլինի` Թումանյանի գրած «Անուշը» կամ
«Թմբկաբերդն» ո՞ւմ են պետք, ո՞վ պիտի կարդա այդ գրածները: Ազգը
հավերժացնողը մարդն է, մայրենի լեզուն է: Հողն էլ սուտ է, սահմանն էլ,
կարեւորը լեզուն է»,- ասում է 59-ամյա Գուրի Եթերը: Հայկանուշը,
Նաիրուհին, Ռուզաննան, Տիգրանուհին, Նարեկը, Նարեն, Անին, Օզիոսը.
«Բնականից տաղանդավոր երկու երեխա ունեմ, մնացածները լրիվ առողջ են,
գեղեցիկ»,- կատակում է Գուրի Եթերը: Նա բոլորին միանման է սիրում, ասում
է` եթե տարբերակեր, ապա միայն նրան, ով ֆիզիկապես խեղճ կլիներ, ինչպես, իր
խոսքերով, ինքն է: Բնիկ տուրցխեցի գրողի նախնիները լեզգիների
ներխուժման ժամանակ տեղափոխվել են Արդահան, այնուհետեւ կրկին վերադարձել
Տուրցխ: 1947 թ. Ավետիսյանների մի մասը տեղափոխվել է Մախարաձեի շրջան`
Շերոմ գյուղ, այդ թվում եւ բանաստեղծի ծնողները: Գուրին այնտեղ է ծնվել, 5
տարեկանում կրկին վերադարձել են Տուրցխ: Գուրիի անունը գրանցելիս գրել են
«Ավետիսով Գուրիո», ազգանունը ինքն է հետագայում փոխել` Ավետիսյան: Իսկ
մոր անունը եղել է Անթառամ, գրանցելիս դարձրել են Էթերի: Մոր անունն էլ
դարձրել է իր գրական անվան մի մասը` Գուրի Եթեր: Մի քանի լեզուների
վերլուծությամբ տալիս է իր անվան մեկնությունը. «գուրի» նշանակում է
ավանակ, ետդարձ, գուրգուրել. նման անվանումով շրջան է եղել Վրաստանում: Ավետիսյանի
սերունդը 750 «ծիլ» է տվել, բայց 600-ը գաղթել են Վրաստանից: Գյուղում
այժմ 50 հոգի է մնացել: Տուրցխը Ախալքալաքի շրջանի կաթոլիկ գյուղերից
է: Ջավախքում նրանց «ֆրանկ» են ասում, բայց Գուրին իր ընտանիքի
անդամներին «առաքելական-ընդհանրական» է գրանցել: «Քրիստոնեությունը
չի կարելի բաժանել մասերի»,- ասում է գրողը: Ավելին, ըստ նրա` սա չի
նպաստի նաեւ վրացանալուն. «Վրացիները նախ հային հանում են Առաքելական
եղեղեցուց, դարձնում են կաթոլիկ, հովանավորչություն են ցուցաբերում, հետո
վրացացնում»: Նրանց տունը ցույց տալիս համագյուղացիներն ասում են`
«այ, այն փարթամ այգին ու մեղուները տեսնու՞մ եք, կողքն էլ տունն է»: Գյուղի
ամենամեծ պտղատու այգիներից մեկը նրանցն է, բանաստեղծն է պատվաստել ու
աճեցրել, չնայած Ջավախքի ոչ այնքան տաք բնակլիմայական պայմաններին: Իր
այգու մասին հպարտությամբ է խոսում նաեւ Գուրին. ամեն ինչ կա այնտեղ, 40
տարեկանում ընկուզենի է տնկել, որն արդեն 4 տարի է` բերք է տալիս: Այգում
կաղին էլ է աճում, տարբեր տեսակի հատապտուղներ` սեւ ու կարմիր հաղարջ,
մորի, ելակ, խնձորենու ու տանձենու տեսականիներ, սալորի տեսականի: Հիմա
փորձում է խաղող ու ծիրան աճեցնել, վերեւի հողամասում տարբեր տեսակի
ծիրանի կորիզներ է դրել, եւ այս ամենը` ընդամենը հեկտարի մեկ չորրորդ
մասում: 40 տարեկանում «կոտրվել է». «Ասի` ամենածույլ մարդու գործը
մեղվապահությունն է` մեղուն աշխատի, ես ուտեմ»: Եվ այսպես սկսել է մեղուներ
պահել` շարունակելով պապի 30 տարվա գործը: «Նա Ջավախքի
զարկերակն է» «Եվ իր գրելատիպով, ասելիքով, եւ
ինքնատիպությամբ Տերյանից հետո միակն է: Ոչ մեկին չի նմանվում, կրակոտ
խենթ գրածները որ արտասանում ես, ոնց որ Սասունցի Դավթի ձին նստես ու գնաս
կռիվ: Նրա գրածները տանում են դեպի ազատություն, նրա գրածներում չափ ու
սահման չկա»,- ասում է Սիլվա Սիփանուհին: Գուրիին բնութագրելիս
Սիլվան չի մոռանում նշել, որ նա պաշտում է Նժդեհին, ապրում է` «իր հոգին
Նարեկացու հոգուն խառնած»: «Նա Ջավախքի այսօրվա եւ վաղվա զարկերակն
է: Ախալքալաքը տխուր, խղճուկ վիճակում է. 10 տարի հետո եթե այստեղ մի հայ
մնա, Գուրին է լինելու»,- ասում է կինը: «Մարդը չի կարող
միայն բանաստեղծ լինել» Գուրի Եթերը մի քանի արհեստների է
տիրապետում. ժամանակին եղել է լուսանկարիչ, աշխատել է «Վրաստան» եւ
«Փարոս» թերթերում: Այնուհետեւ գրամեքենաներ, կարի մեքենաներ է
վերանորոգել, նույնիսկ լվացքի մեքենաների շարժիչներ է փաթաթել, էլեկտրական
լարեր է փոխել: «Մարդը չի կարող միայն բանաստեղծ լինել. եթե միայն
բանաստեղծ լինես, Պետրոս Դուրյանի նման կապրես ընդամենը 20 տարի, այդպես
լարված նունիսկ 5 տարի ապրել հնարավոր չէ, դրա համար Միսաք Մեծարենցը
չդիմացավ, որովհետեւ միայն բանաստեղծ էին, ուրիշ գործի չէին տիրապետում,
իսկ ուղեղը չի դիմանա դրան»,- մեկնաբանում է Գուրի Եթերը: Փոքր
տարիքում կարմրուկից սկսվել է Գուրիի հիվանդությունը, երեք տարի անընդմեջ
ջերմություն է ունեցել, նյարդային համակարգը խախտվել է, եւ հիմա նա
դժվարությամբ է քայլում ու շարժում վերջույթները: Բարձրագույն կրթություն
չի ստացել, բայց ազատ ունկնդրի կարգավիճակով մասնակցել է ԵՊՀ
բանասիրության ֆակուլտետի դասընթացներին: Ստեղծագործել սկսել է վաղ
տարիքում: Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Յոթ անունը», տպագրել է
1983-84 թթ.: 1986-ին լույս է տեսել «Վեց անուն»-ը, 1982 թ.-ին` «Հեթանոս
աշխարհ»-ը: Դրանից հետո գրքեր է խմբագրել: «Չգիտեմ` 55 տարեկանից
հետո հնարավո՞ր է լավ բան գրել, թե՞ ոչ: Համո Սահյանն ապացուցեց, որ
հնարավոր է, Շիրազն էլ ապացուցեց, ամեն դեպքում, մեկն էլ ես եմ, երեւի
կկարողանամ ապացուցել»,- ասում է նա: Գուրին այժմ ուզում է
պատմվածքներ գրել հաշմանդամների, հանցագործների, խուլ ու համրերի, կաղերի
մասին: Գրելու է պատմություն այն մասին, որ ոտքերից տկար մարդը կարող է
առողջ մարդուց էլ առողջ ապրել, ամենասիրուն կնոջ հետ ամուսնանալ, 8 երեխա,
թոռներ, ամենալավ այգին ու մեղուներ ունենալ եւ ոչ մի բանում չպարտվել: Իր
գլուխգործոցը «Սեւ աղվեսն» է համարում, որի վրա հիմա աշխատում է:
«Վրաստանն է սեւ աղվեսը»,- ասում է նա: «Սեւ աղվեսը» արձակ
ստեղծագործությունների ժողովածու է, որտեղ ամփոփված է Ջավախքի անցյալն ու
ներկան: «Սեւ աղվես»-ում նաեւ 40 ժողովրդական երգ է լինելու, որոնք այսօր
արդեն գոյություն չունեն, ոչ մեկը գրառված չէ. այն երգերն են, որոնք
Արդահանում հայերն են երգել` կիսաթուրքերեն-կիսահայերեն: Գուրին
մշակել է դրանք, դարձրել հայերեն: Մի քանիսը երգում է նաեւ նրա աղջիկը`
Անին: Գուրին գրում է սյուժետային պատումներով. «Եթե շատախոսում ես,
ձանձրալի ես դառնում, սիրում եմ երկխոսություններ տալ»,- ասում է գրողը:
Սիլվան Ծննդով լոռեցի` օձունցի Սիլվան
Գուրիի հետ Երեւանում է ծանոթացել. «Իրա գրածները շատ սիրելով` մտերիմ ենք
եղել` 3-4 տարի, ու հետո փախել եմ իր հետ»,- խոստովանում է Սիլվա
Սիփանուհին: Սիլվան 10 գրքերի հեղինակ է` արձակ ու չափածո:
Բանաստեղծությունների 3 ժողովածու ունի, գրում է սիրո թեմայով: «Լոռեցու
Ջավախքը» արձակ ստեղծագործությունների ժողովածուն ամփոփում է
բանաստեղծուհու մտքերն ու պատկերացումները Ջավախքի մասին: «Լոռին`
հոգուս մեջ», «Դաժան սիրախաղ» ժողովածուները բանաստեղծուհու կյանքն են
արտացոլում: Սիլվան Գուրիին է նվիրել «Ոգեղեն խոսքի ասպետը» գիրքը, «Մի
Ջավախք է` մի Գուրի» շարքն էլ բանաստեղծի բանավոր խոսքերն են, որոնք կինը
մշտապես գրի է առնում: «Չուղարկված նամակներ» վեպ-օրագիրն էլ դեռ
ընթացքի մեջ է` նամակներ են, որոնք նա գրել, բայց չի ուղարկել: «Սիլվան
ավելի հանգիստ ու անկեղծ է գրում»,- խոստովանում է ամուսինը եւ հավելում,
որ իր կինը ներկայիս «ուժեղ» գրողներից է: Սիլվա Սիփանուհին Ախալքալաքի
հեռուստատեսությամբ իր միջոցներով վարում էր գրական հաղորդում, բայց մեկ
տարի է` այն եթերում չէ ֆինանսական պատճառներով: Բանաստեղծի
ընտանիքն ուզում է Արվեստի միություն բացել եւ «մարդկային մոտեցում»
ցուցաբերելու խնդրանքով ու ֆինանսական աջակցության ակնկալիքով դիմել է
նախագահին: «Բայց նրանց ի՞նչ պետք է, որ հայն այստեղ շատանա, կամ
երգի-պարի խումբ լինի, կամ գրողներ լինեն ու մնան: Վրացերենի դասատուն
հայերենից լա՞վն է, որ ավելի շատ է փող ստանում»,- հարցնում է Սիլվա
Սիփանուհին: «Հատուկ ոչինչ չեն անում, որ ջավախքցին գնա»,-
ավելացնում է ամուսինը: Ենթակառուցվածքներ բարելավելը եւ վերջին շրջանում
ընթացող ճանապարհաշինությունը, ըստ Գուրի Եթերի, եւս նպատակային է.
Ջավախք-Թբիլիսի ճանապարհն են կարճացնում: Այս տարվա գյուղապետի
ընտրություններին աղջկա թեկնածությունն են առաջադրել` ընդդիմության
կողմից, յոթ անգամ զգուշացում են ստացել` հանել թեկնածությունը: Նույնիսկ
սպառնացել են, ինչպես գրողն է ասում, բարոյական շանտաժի ենթարկել` ասել
են, թե մյուս դստերը կազատեն ուսուցչի աշխատանքից: Բանաստեղծն ասում
է, որ Ջավախքը կարելի է դարձնել տուրիստական կենտրոն, բացել
հրատարակչություն, միջազգային ճամբար, պատմական հուշարձանների ու
քարանձավների այցեվայր: «Ջավախք կորցնելը նշանակում է կորցնել դեպի Սեւ ծով
ճանապարհը: Ջավախքով են անցնում բոլոր ճանապարհները»,- ասում է
բանաստեղծը:
|