<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 27.04.2024, 07:46
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Май » 18 » Վրաստան. իրավիճակային վերլուծություն
14:07
Վրաստան. իրավիճակային վերլուծություն
Սարգիս Հարությունյան

Վրաց-հարավօսական ու վրաց-աբխազական հակամարտությունների գոտիներում վերջին սրացումները, ինչպես նաև Վրաստանի ներքաղաքական դաշտում լարվածության կարծես անսպասելի աճը վկայում են, որ առաջիկա ժամանակահատվածում վրացական ուղղությունը նոր նշանակություն է ձեռք բերելու Հայաստանի ազգային անվտանգության համար:

Արտաքին զարգացումներ

Ներկայումս Վրաստանի կողմից վարվող արտաքին քաղականությունն աննախադեպ կարևորություն է ստանում ողջ Հարավային Կովկասի համար։ Նման հետևության հիմք են ծառայում առնվազն երկու հանգամանքներ.

  • Մեծ է հավանականությունը, որ միջնաժամկետ հեռանկարում (մինչև 2010-2012թթ.) Վրաստանն անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչը էապես կփոխի ոչ միայն հարավկովկասյան աշխարհաքաղաքական փոխդասավորվածությունը, այլև տարածաշրջանային աշխարհաքաղաքական շարժերի տրամաբանությունը։
  • Պաշտոնական Թբիլիսիի քայլերը, ինչպես նաև այդ երկրին միտված ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրամիության, Թուրքիայի ու Իրանի քաղաքականություններն իրենց կարևորությամբ Հարավային Կովկասում ձեռք են բերել առաջնային նշանակություն` հայ-ադրբեջանական հակամարտությունում պահպանվող իրադրության համատեքստում։

Նախորդ երեք-չորս ամիսների ընթացքում Վրաստանը հայտնվեց միջազգային նոր իրավիճակում։ Հուլիսին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացումն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին պաշտոնական Վաշինգտոնի որոշման հրապարակումը, իսկ սեպտեմբերին Վրաստանից ռուսական ռազմական տեխնիկայի դուրսբերման ավարտը իրավիճակի կարևորագույն բնութագրիչներն են։ Նման իրողությունները մեծացրին Վրաստանի ընդհանուր նշանակությունը հարավկովկասյան գործընթացներում։

Հետևաբար, նշված հանգամանքների ֆոնին ծավալվող ռուս-վրացական հակամարտությունը և ամերիկա-վրացական դիվանագիտական ակտիվությունը պետք է դիտարկել նոր տրամաբանության համատեքստում։

Ռուս-վրացական հարաբերությունները դուրս են եկել երկկողմանի ձևաչափից և կրում են տարածաշրջանային աշխարհաքաղաքականության տարրեր։ Եթե Շևարդնաձեի օրոք ու Սահակաշվիլու նախագահության սկզբնական ժամանակաշրջանում Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ծավալվող լարվածությունն ավելի շատ միտված էր Վրաստանում ռուսական ազդեցության սահմանափակմանը, ապա 2006թ. աշնանից ռուս-վրացական հակամարտությունն առաջին հերթին ունի տարածաշրջանային իմաստ։

Վրացական ղեկավարության որոշումը՝ աբխազական ու հարավօսական ուղղություններով ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, ներքաղաքական հաշվարկներից զատ հետապնդում է նաև փոխկապակցված մի քանի արտաքին նպատակներ։

Վրացական ռազմական հետախուզության տվյալների համաձայն, Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանը պահում է, համապատասխանաբար, 1.300-ոց և 500-ոց զորախմբեր։ Դժվար չէ կռահել, որ հավանական ռազմական գործողությունների ժամանակ այդ զորախմբերը լուրջ խոչընդոտ են հանդիսանալու վրացական բանակի համար։ Տարածաշրջանային երկրների ռազմական բալանսը ներկայացված է Հավելված-ում (տե՛ս ստորև)։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ մինչև նոյեմբերի վերջ Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ հերթական գագաթաժողովը ռուսական զորքերի հեռացումը Աբխազիայից ու Հարավային Օսիայից կամ լուրջ տեղաշարժն այդ հարցում զգալի աջակցություն կլինի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Թբիլիսիի ծրագրերին (նույնիսկ աբխազական ու հարավօսական չլուծված հակամարտությունների պայմաններում)։

Սակայն Թբիլիսիի ընդհանրական նպատակն է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության կրճատումը։ Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուս խաղաղապահների հեռացումը կամ այդ գոտիներում խաղաղապահ առաքելությունների ձևաչափի փոփոխությունը իրականում կնշանակի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազում։

Հաշվի առնելով վերջին հետևությունը` պարզ է դառնում, որ Սահակաշվիլու վարչակազմի գործողությունների հիմքում չեն կարող ընկած լինել սոսկ վրացական հաշվարկներ։ Հուլիս-օգոստոս ամիսներին Թբիլիսիում էին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ ոչ երկրորդական համարվող ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարը, պակաս ազդեցություն չունեցող սենատոր Ջոն ՄըքՔեյնը1 և Քոնդոլիզա Ռայսի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխօգնական Մեթյու Բրայզան2, իսկ Վրաստանի դիրքորոշումը Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցում միայն կոշտացավ3` տրամաբանական ավարտի հասնելով սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Միխայիլ Սահակաշվիլու ելույթով4:

Նույն տրամաբանության մեջ է հարկավոր դիտարկել հուլիսի 24-27-ը Կոդորի կիրճում սվանական առաջնորդ Էմզար Կվիցիանիի դեմ վրացական ուժային գերատեսչությունների ձեռնարկած գործողության արդյունքները5 և հարավօսական ուղղությամբ լարվածության շարունակական աճը։

Նոր իրավիճակի հաջորդ կարևոր հատկանիշն է Ռուսաստանի վրացական քաղաքականության փոփոխությունը։ Անցած մոտ կես տարում այդ քաղաքականությունը կոշտ դրսևորումներ ստացավ, ինչը ներկայում, թերևս, գտնվում է իր բարձրակետին։ Մարտից ռուսական շուկա արտահանվող վրացական հիմնական ապրանքների մուտքի արգելափակումը, աբխազական ու հարավօսական կողմերի ինքնորոշվելու հիմնարարության մասին ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների աննախադեպ հայտարարությունները, հունիսի 14-ին Աբխազիայի, Մերձդնեստրի ու Հարավային Օսիայի մասնակցությամբ փաստացի ռազմաքաղաքական դաշինքի ի հայտ գալը, Վրաստանի երկու նախկին ինքնավարություններում առկա ռուսական զորախմբերի ուժեղացումը, «Վերին Լարս» անցակետի փակումը և Վրաստանի ներքին զարգացումների նկատմամբ ռուսական տեղեկատվական մոտեցման զգալի կոշտացումն այդ քաղաքականության արտահայտիչներն են։

Ներքին զարգացումներ

Նշված զարգացումների համատեքստում նոր իմաստ են ստանում Վրաստանի ներքին գործընթացները։ Սահակաշվիլու վարչակազմի տեսանկյունից այժմ էական է ներքին աջակցության ընդլայնումը։ Ընդ որում՝ առաջնային նպատակն ավելի շատ արտաքին քաղաքականության մեջ լրացուցիչ ռեսուրսների ձեռքբերումն է, քան ներքաղաքական ազդեցության ընդլայնումը։

Պատահական չէ, որ դեռևս հուլիսի 18-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին (Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուսական խաղաղապահների դուրսբերման մասին) Սահակաշվիլու աշխատակազմի ջանքերի շնորհիվ կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր 144 պատգամավորները6։

Այդ տրամաբանությունից են բխում նաև ի սկզբանե դեկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (ՏԻՄ) Սահակաշվիլու օգոստոսի 26-ի հրամանագրով հոկտեմբերի 5 տեղափոխելը7: Այստեղ հարկավոր է առանձնացնել երեք գործոն.

  • Նոյեմբերի 27-29-ը Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին ընդառաջ Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուսական խաղաղապահների դուրսբերման հարցով Մոսկվայի հետ տարվող բանակցություններում Սահակաշվիլուն հարկավոր է մեծացնել ներքաղաքական աջակցությունն ու ազդեցությունը։
  • Կոդորի կիրճում վրացական ուժայինների հաջող գործողությունները նպաստեցին Սա-հակաշվիլու վարչակազմի հեղինակության աճին, ինչը, ըստ ամենայնի, կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ արդեն հոկտեմբերի սկիզբ տեղափոխված ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա։
  • 2006թ. հոկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները Սահակաշվիլու իշխանության գլուխ անցնելուց հետո առաջին համապետական ընտրություններն են Վրաստանում, և նրանց թափանցիկությունն ու արդյունքները, ամեն դեպքում, դիտարկվելու են որպես իշխող ուժի ներքին ու արտաքին ռազմավարությունների ազդեցիկ գնահատական։

Վրացական ու արևմտյան աղբյուրները հակված են մեկ ընդհանուր գիծ տեսնել այս մարտին Թբիլիսիի բանտերից մեկում բռնկված կալանավորների ապստամբության, հուլիսին ու օգոստոսին Կոդորի կիրճում Վրաստանի նախկին նախագահի ներկայացուցիչ Էմզար Կվիցիանիի գործողությունների, Վրաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեին հարող հասարակական-քաղաքական կառույցների կողմից (ըստ վրացական անվտանգության մարմինների) Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու չհաջողված փորձի և, ընդհանուր առմամբ, Ջավախքում ու Վրաստանի Մառնեուլի շրջանում ժամանակ առ ժամանակ ծագող հայկական և ադրբեջանական հուզումների միջև։

Հետևություններ

Ստեղծված իրավիճակում առանցքային է նոյեմբերի վերջին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովը։ Դրան են միտված ինչպես վրացական (աբխազական ու հարավօսական ուղղություններով ճնշումը Ռուսաստանի վրա, ՏԻՄ ընտրություններում իշխող ուժի հաղթանակի ապահովման նախապատրաստությունը), այնպես էլ ռուսական կողմի քայլերը (օրինակ, նոյեմբերի 12-ին Հարավային Օսիայում կայանալիք անկախության հանրաքվեն ու նախագահական ընտրությունները)։

Հաշվի առնելով իրադրության դերակատարների (Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա) մոտեցումների տրամաբանությունը` գոյություն ունեցող լարվածությունն առաջիկայում միայն կաճի։

Հուլիս-օգոստոս ամիսներին Կոդորի կիրճում վրացական զորախմբի հաստատվելը վրաց-աբխազական ու վրաց-հարավօսական հակամարտություններում առաջ բերեց առանցքային երկու փոփոխություն.

  • վրաց-աբխազական հակամարտության համար այն նշանակեց 1992-ից առկա իրավիճակի փոփոխություն,
  • ընդհանուր առմամբ, այդ նոր իրավիճակը կարծես թե էական ազդեցություն թողեց երկու հակամարտություններում Թբիլիսիի կողմից ռազմական գործողություններ վերսկսելու համար անհրաժեշտ տեղեկատվական-հոգեբանական դաշտի ձևավորմնան վրա8։

Նաև վերջին կետի հետ է առնչվում Սահակաշվիլու վարչակազմի նպատակը՝ լուրջ հաղթանակ տանել առաջիկա ՏԻՄ ընտրություններում։ ՏԻՄ ընտրությունների տեղափոխումը դեկտեմբերից հոկտեմբեր և այդ ընտրություններում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակը, ըստ ամենայնի, Մ.Սահակաշվիլու վարչակազմի կողմից հետագայում կօգտագործվի որպես քարտ-բլանշ` այդ թվում հարավօսական ու աբխազական հարցերում։

Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ մինչև նոյեմբերի վերջ Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովը կողմերը դիմեն զինված գործողությունների։ Թվում է, թե այդ ժամանակահատվածում նման զարգացումը ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին։

Ուշադրություն է գրավում այն փաստը, որ վերջին երկու ամիսներին Վրաստանում պետական հեղաշրջման կազմակերպման կամ ծրագրված հեղաշրջմանն աջակցություն ցույց տալու մեղադրանքներ ներկայացվեցին այդ երկրի ազգային անվտանգության երկու նախկին նախարարների` Իրակլի Բաթիաշվիլուն («Առաջ Վրաստան» կուսակցության ղեկավար, ձերբակալվել է հուլիսին) և ներկայում Ռուսաստանում գտնվող, «Արդարություն» կուսակցության ղեկավար Իգոր Գեորգաձեին։ Այդ հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ ժամանակին Սահակաշվիլու վարչակազմը ոչ միայն հատուկ մաքրազտումներ է անցկացրել վրացական անվտանգության մարմիններում` առանձին ուշադրություն դարձնելով այդ ոլորտին, այլև հիմք է տալիս ևս մեկ անգամ անդրադառնալ այն տեսակետին, թե հետխորհրդային երկրներում Ռուսաստանի քաղաքական ազդեցության ապահովման գործում որոշակի դեր ունեն հատկապես տեղի անվտանգության կառույցների ներկայացուցիչները։

Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակը և սպասվող զարգացումները թույլ են տալիս Հայաստանի ազգային անվտանգության մասով ընդգծել հետևյալ կետերը.

  • Կարճատև հեռանկարում Հայաստանի տնտեսական անվտանգության համար կարող է լուրջ հետևանքներ ունենալ լարվածության ու անկայունության շեշտակի աճը Վրաստանի շուրջ ընթացող զարգացումներում9։
  • Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի ազգային անվտանգության համար էական նշանակություն է ունենալու Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. այդ պարագայում Հայաստանը կարող է գործնականում լուրջ դժվարություններ ունենալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով իր հիմնական դաշնակցի` Ռուսաստանի հետ ցամաքային ու օդային հաղորդակցության հնարավորության հարցում` դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներով։
  • Հավելված

    Ռազմական բալանսը Հարավային Կովկասում
    Տվյալներ Ադրբեջան Հայաստան ԼՂՀ Վրաստան Աբխազիա Հարավային Oսիա
    Ռազմական բյուջե $588 մլն
    (+ $3.96 մլն ԱՌՕ10)
    $165 մլն
    (+ $3.46 մլն ԱՌՕ)
    Հստակ տվյալներ չկան ~$218 մլն11
    (+ $1.88 մլն ԱՌՕ)
    Հստակ տվյալներ չկան Հստակ տվյալներ չկան
    Զինված ուժեր 66.740 48.160 ~18.000 (15.000+)* 11.320 ~5.000**
    (4.000+)
    ~2.000
    Տանկ 220 110 70+ (45-50) 86 50+ (25-30) ~10
    Զրահապատ մարտական մեքենա 468 140 100+ (~80) 91 80+ (~50) ~30 (~20)
    Հրետանի 270 229 100+ (80+) 109 80+
    (ոչ պայաս քան 60)
    ~25 (~15)
    Ինքնաթիռ 47 16 - 7 - -
    Ուղղաթիռ ~35 ~34 - 17 - -
    Ռազմանավ (պահակային
    և առափնյա+ականակիր
    11 - - ~1912 - -
    Երկկենցաղ
    ռազմանավ/Amphibious
    5 - - 4 - -

    * Փակագծերում բերված վիճակագրությունը ներկայացված է ԶԼՄ-ում տեղ գտած տեղեկատվությունից ու հրապարակումներից։

    Просмотров: 695 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]
    Ներսիկ Իսպիրյան
    Խանդո
    Block title
    Block title
    Мини-чат
    Поиск
    Хостинг от uCoz
    Ancient Armenian Calendar