Главная » 2010»Май»23 » Վրացական իշխանութիւնները շարունակում են Հայ գործիչների հետապնդումները
13:18
Վրացական իշխանութիւնները շարունակում են Հայ գործիչների հետապնդումները
Վրացական
իշխանութիւնները նոր դատավարութիւններ են նախաձեռնել ջաւախքահայ քաղաքական
ակտիւիստներ Գուրգէն Շիրինեանի եւ Արամ Բատոյեանի նկատմամբ:
«Երկիր»
միութեան տարածած հաղորդագրութեան համաձայն՝ 2009թ. հոկտեմբերին
Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակայ կարգով երեք տարւայ
ազատազրկման դատապարտւեց Գուրգէն Շիրինեանը՝ 2005թ. մարտին ռազմական
ոստիկանութեան աշխատակիցների նկատմամբ խուլիգանութիւն կատարելու
մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունւել է նրա նկատմամբ արդէն իսկ
գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն ընդունւել էր
նոյնպէս հեռակայ կարգով դեռեւս 2008թ. դեկտեմբերին: Ներկայում նաեւ
ընթանում է ջաւախքահայ քաղաքական ակտիւիստ Արամ Բատոյեանի նկատմամբ
հեռակայ դատավարութիւնը, որը Ջաւախքի երիտասարդական մարզամշակութային
միութեան (կազմակերպութեան ղեկավարը Վահագն Չախալեանն է) կենտրոնի տնօրէնն
էր: Նրան վրացական իշխանութիւնների կողմից մեղսագրւում է ՋԵՄՄ-ի շէնքում
զէնք պահելը, որն իբր յայտնաբերւել էր 2008թ. յուլիսի 21-ի խուզարկութեան
ընթացքում: «Երկիր» միութիիւնը գտնում է, որ ջաւախքահայ քաղաքական
գործիչների նկատմամբ այս նոր հեռակայ դատավարութիւններն ուղղւած են
ամրապնդելու Ջաւախքում տիրող պետական ահաբեկչութեան ռեժիմը, ինչպէս նաեւ
ջաւախքահայութեան մէջ առկայ վախի տրամադրութիւնները: Հաւի առնելով վերոնշեալը՝ «Երկիր» միութիւնը պահանջում է վրացական իշխանութիւններից՝ 1. Անյապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. Յուլիսի 17-21-ի դէպքերի նոր անաչառ հետաքննութիւն. 2. Վերանայել ջաւախքահայ քաղաքական գործիչների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունւած բոլոր մեղադրական դատավճիռները. 3. Դադարեցնել ջաւախքահայ գործիչների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները: Կազմակերպութիւնը
նաեւ կոչ է արել միջազգային կազմկերպութիւններին եւ Վրաստանում
հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացչութիւններին ուշադրութիւն դարձնել
Ջաւախքում ծաւալւող իրադարձութիւններին՝ ճնշում գործադրելով վրացական
իշխանութիւնների վրայ՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու
նպատակով: