<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Вторник, 23.04.2024, 15:57
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Май » 17 » Թուրքիայի Եվրասիական քաղաքականությունը և Կարս – Ախալքալաք – Թբիլիսի – Բաքու երկաթուղին
16:54
Թուրքիայի Եվրասիական քաղաքականությունը և Կարս – Ախալքալաք – Թբիլիսի – Բաքու երկաթուղին
Հայկ Դեմոյան

Գաղտնիք չէ, որ ներկայումս թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական ոլորտներում Թուրքիայի Հանրապետությունն ապրում է իր գոյության, թերևս, բախտորոշ ժամանակափուլերից մեկը։ Այլ կերպ ասած՝ թուրքական ներքին և արտաքին քաղաքականությունը ներկայումս հակաճգնաժամային ուղղվածություն է կրում` փորձելով արդյունավետ լուծումներ գտնել ներքին և արտաքին մարտահրավերներին։ Անկարայի համար օրակարգի թիվ մեկ խնդիրն է հնարավորինս կարճ ժամկետում դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, մի քայլ, որը լուծում է տալու Թուրքիայի առջև ծառացած լուրջ հիմնախնդիրներից շատերին։ Դրա համատեքստում, թերևս, կարևորվում է նաև Թուրքիայի ազգային և պետական ինքնության հետագա սահմանումների ճակատագիրը։ Սակայն այս ուղղությամբ Անկարայի հաջողության հասնելու հեռանկարները դեռ մշուշոտ են։

Վերջին տարիների զարգացումները լուրջ փոփոխություններ մտցրին Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնայնություններում, հատկապես թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքական իշխանությունների՝ Իրաքի հարցում որդեգրած դիրքորոշման արդյունքում` Վաշինգտոնում համապատասխան գնահատականներ տրվեցին և եզրահանգումներ արվեցին նախկինում սերտ դաշնակցի համբավ վայելած Անկարայի քաղաքականությանը։

Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, չնայած 2005թ. հոկտեմբերի 3-ին անդամակցության բանակցությունների սկսման համար տրված համաձայնությանը, ավելի շուտ չկայացող երկխոսության տպավորություն են թողնում։ Լիիրավ անդամակցության հեռանկարը մնում է խիստ անորոշ, և դրա անուղղակի վկայությունը հանդիսացավ ԵՄ կողմից Թուրքիային ներկայացված թվով 150 նախապայմանների առաջադրումը, որոնցից շատերի նկատմամբ, բացի անզիջում դիրքորոշումից, Անկարան դժվար թե այլընտրանք ունենա։

Թուրքական պետական, հասարակական-քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա ճգնաժամային երևույթները ստեղծում են անկայուն մի իրավիճակ, որը, պայթյունավտանգ լինելով հանդերձ, շատ քիչ հնարավորություններ է թողնում երկիրն ավանդական դեղատոմսերով, ինչպես, օրինակ, զինվորական հեղաշրջման միջոցով, կայունացնելու։

Ստեղծված իրավիճակն ուղղակիորեն անդրադառնում է թուրքական պետականության հիմնարար սկզբունքների և արտաքին առաջնայնությունների վերանայման և ազգային ինքնագիտակցության վերարժեքավորման գործընթացների վրա, ինչի վկայությունն է մեծ թափ առած իսլամականացման երևույթը։ Այն արդեն ամուր տեղ է ապահովել թուրքական քաղաքական դաշտում։ Սրան կարելի է գումարել նաև Թուրքիայի բնակչության մեծամասնության շրջանում արդեն իսկ ամուր դիրքեր ունեցող հակաամերիկյան տրամադրությունները։ Ինչ վերաբերում է եվրոպական անդամակցության նկատմամբ գոյություն ունեցող հասարակական տրամադրություններին, ապա ներկայումս խոսքը ոչ թե թերահավատների բանակի համալրման մասին է, այլ ուղղակի օրեցօր աճող հակաեվրոպական տրամադրությունների։ Ստեղծված իրավիճակում աշխարհաքաղաքական ցուգցվանգի մեջ չհայտնվելու համար Անկարան արդեն սկսել է լուրջ ուշադրություն դարձնել երկրի համար կենսական նշանակություն ունեցող այլընտրանքային արտաքին ռազմավարական ուղղությունների մշակմանը, որոնց շուրջ Թուրքիայում բարձրաձայնում են պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներով։

Անկարայի համար, որոշ առումով, այլընտրանքային է դիտվում Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների հետագա սերտացումը, ինչը լիովին տեղավորվում է թուրքական, այսպես կոչված, «եվրասիական» գաղափարախոսության համապատկերում։ Սակայն էներգետիկ աղբյուրներից, մասնավորապես՝ գազի մատակարարումից բացի, այս երկրների (որոնք թուրքական զանգվածային գիտակցության մեջ, որպես կանոն, դիտվում են նաև պատմական ախոյանների կարծրատիպի տեսանկյունից) հետ հարաբերությունների հետագա խորացումն այնքան էլ հավանական և նախընտրելի չի դիտվում։

Մյուս, առավել հավանական տարբերակն է եվրասիական ուղղության թյուրքական վեկտորի վերակտիվացումը։ Հետխորհրդային տարիներին «ազգական երկրների և ժողովուրդների» նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը, համապատասխան ռեսուրսների և հնարավորությունների սահմանափակության, ինչպես նաև աշխարհագրական անմիջական կապի բացակայության պատճառներով, չարդարացվեց` տապալելով վերջինիս հեռուն գնացող, բայց խիստ անհաշվենկատ ծրագրերը։

Թերևս, այս երկրների հետ անմիջական կապ ստեղծելու ցանկությունն է, որ Անկարային ստիպում է համապատասխան ուղիներ փնտրել` ի հավելումն նավթի և գազի կառուցվելիք խողովակատարների։ Այս առումով Վրաստանը դիտվում է որպես հուսալի տարանցիկ երկիր` թրքախոս հանրապետությունների հետ տրանսպորտային շղթայով ագուցվելու համար։ Ամենայն հավանականությամբ նման կապի դեր կոչված է կատարել Կարս–Ախալքալաք–Թբիլիսի–Բաքու երկաթուղին, որի շուրջ Անկարան Ադրբեջանի աջակցությամբ արդեն սկսել է տեղեկատվական-քարոզչական գործողությունների համալիր ծրագիր` դրա մեջ ներքաշելով վրացական կողմին։ (Ակնհայտ է, որ գոյություն ունեցող Կարս–Գյումրի երկաթգիծը, թեկուզ և դրա հետագա վերաբացման հնարավորության պարագայում, Անկարայի համար այնքան էլ հուսալի ու նախընտրելի չի թվում)։ Այս առումով միամիտ կլիներ կարծել, թե նման թանկարժեք ծրագրի իրագործումը կոչված է միմիայն մեկուսացնելու Հայաստանի Հանրապետությունը։ Սրանով, առաջին հերթին, Անկարան ապահովագրում է իր ռազմավարական դիրքերը՝ ստեղծելով պահուստային հնարավորություններ` եվրոպական ուղեծրից դուրս մնալու, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա սառեցման հեռանկարի պարագայում։

Դեռ 1993թ. Կարս–Ախալքալաք–Թբիլիսի–Բաքու երկաթուղու կառուցման նպատակահարմարության շուրջ տեսակետներ հայտնվեցին թուրքական առաջին դեմքերի կողմից։ Նախատեսվեց այս երկաթուղու շինարարությունն իրականացնել ՏՐԱՍԵԿԱ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման ծրագրի շրջանակներում։ Երկաթուղու կառուցման շահավետության շուրջ խոսակցություններն անպակաս էին թուրքական ղեկավարների կողմից Թբիլիսի կատարած պաշտոնական այցերի ընթացքում։ Թյուրքական աշխարհի արևմտյան հատվածի զարգացման համար Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը այս մայրուղու կառուցման նպատակահարմարության մասին բարձրաձայնեց նաև 1998թ. Աստանայում կայացած թյուրքական հինգերորդ գագաթաժողովի ժամանակ։

Երկաթուղու Կարս–Ախալքալաք հատվածի երկարությունը շուրջ 100կմ է, որից 68կմ-ն անցնելու է Թուրքիայի տարածքով իսկ 30-ը` Վրաստանի. այն հիմնականում անցնելու է բարդ և դժվարանցանելի աշխարհագրական գոտիով։ Այս հատվածը, համաձայն փորձագիտական եզրակացությունների, ձմռանն առատ տեղումների պատճառով կարող է նաև անգործության մատնվել։ Նախագծի վերջնական շահագործման ժամկետ նշվում է 2008 թվականը։

Ծրագրի ընդհանուր արժեքը տարբեր հաշվարկներով կազմում է 500-800 մլն դոլար։ Ներկայումս Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան լծված են հովանավորներ գտնելու գործին։ Անցյալ տարվա մայիսի 25-ին Բաքվում ստորագրվեց Կարս–Թբիլիսի–Բաքու միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հռչակագիրը, որի շրջանակներում էլ նախատեսվում է Կարս–Ախալքալաք երկաթգծի անցկացումը։

Նաև Երևանի լոբբիստական աշխատանքների արդյունքում` ծրագրին արդեն դեմ են արտահայտվել ԱՄՆ կոնգրեսականները, իսկ եվրոպական կողմը, հանձին Եվրոպայի խորհրդի պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերով նախագահ Խավիեր Սոլանայի, կողմ է հանդես եկել Կարս–Գյումրի երկաթուղու և հայ-թուրքական սահմանի վերաբացման օգտին։

Հայտնի է, որ Կարս–Գյումրի երթուղով երթևեկությունը դադարեցվեց 1992թ., իսկ 1993-ից մինչև օրս այս մայրուղով որևէ բեռնափոխադրում կամ ուղևորափոխադրում չի իրականացվել։ Հայ-թուրքական սահմանի և Կարս-Գյումրի երկաթուղու վերաշահագործումը Անկարան շարունակում է պայմանավորել հայկական կողմի համար անընդունելի նախապայմաններով։

Եթե Թուրքիայի եվրասիական ուղղությամբ քաղաքական և տնտեսական էքսպանսիայի համար 1990-ականներին որպես խափանիչ գործոն էին դիտվում Լեռնային Ղարաբաղը և նրա շուրջ ծավալված հակամարտությունը, ապա թուրքական այլընտրանքային-հեռանկարային հավակնությունների համար այդպիսի գործոնի դեր կարող է խաղալ մեծ մասամբ հայաբնակ Ջավախքը։ Այս պարագայում ակնհայտ է նաև Անկարայի կողմից արվող շեշտադրումների փոփոխությունը, այն է` նման երկաթուղու կարևորությունը երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Մասնավորապես՝ նման տեսակետ Երևանում արտահայտեց Թուրք-հայկական գործարար կապերի զարգացման խորհրդի ներկայացուցիչ Բուրչու Գյուլթեքինը։

* * *

Հասկանալի է, որ այս երկաթուղու շինարարության շուրջ թուրքական նախաձեռնությունները հետապնդում են մի քանի նպատակներ, որոնցից հարկ է առանձնացնել տեղեկատվական-քարոզչական ներգործությունը և երկաթուղու իրականություն դառնալուց հետո կիրառվելիք քաղաքականությունը։ Ըստ այդմ`

ա. Անկարայի համար այս երկաթգիծը լուրջ լծակ է հանդիսանալու հայ-վրացական հարաբերությունների վրա ներգործելու առումով։

բ. Լարվածության լուրջ և մշտական օջախ է ստեղծվելու Ջավախքում, որին ապագայում ավելանալու է նաև մսխեթցի թուրքերի Ջավախք վերադառնալու հեռանկարը։ Այն ուղղակիորեն կոչված է նպաստելու ջավախահայության արտագաղթին, չնայած քարոզչական նպատակներով այն ներկայացվում է որպես վերջիններիս սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում։

գ. Նախագիծն ուղղակիորեն նպաստելու է Ջավախքում կենտրոնախույս տրամադրությունների ուժգնացմանը՝ միաժամանակ ջավախահայությանն ընձեռելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն` ի հակադրություն կենտրոնի։ Սա կարող է Թբիլիսիին մղել ուժային քայլերի, որոնց դեպքում պաշտոնական Երևանը կդիմի համարժեք քայլերի, որի արդյունքում լրջորեն կտուժեն հայ-վրացական հարաբերությունները:

դ. Նախագծի նպատակներից է ստիպել վրացական կողմին՝ ավելի ակտիվացնել ռուսական ռազմակայանների տարհանման գործընթացը՝ դրանով իսկ հարմար նախապայմաններ ստեղծելով թուրք մսխեթցիների վերադարձի և նրանց շրջանում թուրքական ազդեցության տարածման համար։

ե. Ստեղծված անկայուն իրավիճակում կուժեղանա նաև զինված խմբավորումների ակտիվությունը տարածաշրջանում, որոնք լուրջ խաղացողների դերակատարություն կունենան։

Անվիճելիորեն, այս ծրագիրը կոչված է նաև մեկուսացնելու Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Թբիլիսին գիտակցաբար կամ անգիտակցաբար արդեն մտել է Անկարայի նախաձեռնած վտանգավոր խաղի մեջ։

Ի դեպ, անցյալ տարվա վերջին Տիրանայում կայացած Սևծովյան երկրների համագործակցության հերթական գագաթաժողովի ժամանակ թուրքական կողմի քվեարկությունը հօգուտ Կարս–Գյումրի երկաթուղու վերաբացման, թերևս, ոչ այլ ինչ էր, քան Անկարայի հերթական քարոզչական հնարքներից մեկը։ Ուստի մեզանում անհարկի ոգևորություններն անտեղի են։

Ադրբեջանն այս երկաթուղու կառուցումը դիտում է որպես «տարածաշրջանային համագործակցության կարևոր տարր»։ Բավական է նշել, որ Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը 2006թ. սկզբին արդեն իսկ հայտարարել է, որ այս ծրագիրը Բաքու–Ջեյհան նավթամուղի և Կարս–Էրզրում գազատարի հետ միասին Ադրբեջանի համար դիտվում է որպես երրորդ առաջնայնություն։

Միաժամանակ, պետք է արձանագրել, որ Երևանը բավական ռեսուրսներ ունի թուրք-ադրբեջանա-վրացական այս խաղին հակաքայլեր պարտադրելու առումով` իր ձեռքում ունենալով ջավախահայության վրա ներգործելու խաղաքարտը, որը, սակայն, պետք է օգտագործվի գրագետ` զգուշանալով սադրանքներից և անհաշվենկատ քայլերից։

Просмотров: 519 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar