<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 25.04.2024, 12:15
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Май » 18 » Թիֆլիսի հայ համայնքը. նոր մարտահրավերներ, հին խնդիրներ
14:10
Թիֆլիսի հայ համայնքը. նոր մարտահրավերներ, հին խնդիրներ
Թամարա Վարդանյան

Կարևորելով թիֆլիսահայ համայնքում1 հայկականության պահպանման խիստ հրատապ խնդիրները՝ սույն թվականի ապրիլ-մայիսին «Նորավանք» ԳԿՀ-ն կազմակերպել և իրականացրել է դաշտային հետազոտություն։ Անցկացվել են անհատական ֆոկուսային հարցազրույցներ Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մի քանի հեղինակավոր հայ հասարակական գործիչների հետ։ Ստորև ներկայացնում ենք այդ դաշտային նյութերի համառոտ վերլուծությունը։

Թբիլիսիի հայկական միջավայրի որոշ առանձնահատկություններ

Թիֆլիսահայ համայնքը հայկական Սփյուռքի ուրույն, հայության կյանքում պատմականորեն կարևոր դերակատարում ունեցող համայնքներից մեկն է։

Ներկայում անհանգստություն են առաջացնում համայնքի գոյության, անվտանգության, հայապահպանման խնդիրները, առավել ևս այնպիսի իրողության պայմաններում, երբ համայնքում բավական թույլ են արտահայտված ազգային ինքնապաշտպանական մեխանիզմները։

Սույն հետազոտությունում քննարկվում են Թբիլիսիի հայկական միջավայրում ներկայում ձևավորված հասարակական ակտիվության վեկտորները, ինչպես նաև փորձ է արվում գնահատելու տեղի հայության ազգային ներուժը հայկական հիմնախնդիրների համատեքստում։

Նկատելի է, որ վրացիների վերաբերմունքը հայության նկատմամբ ընդհանրապես, իսկ թիֆլիսահայության նկատմամբ մասնավորապես, մեծապես պայմանավորված է Ղարաբաղյան պատերազմում հայերի տարած հաղթանակով՝ մի կողմից, վրաց-աբխազական պատերազմում վրացիների կրած պարտությամբ՝ մյուս կողմից։ Բացի պատմական անցյալից և կոլեկտիվ հիշողությունից, նշված երկու պատմական դեպքերն իրենց կնիքն են դրել այս փուլում ձևավորված հայ-վրացական հարաբերությունների վրա։ Այն իր դրսևորումն է գտնում ոչ այնքան միջպետական՝ Հայաստան-Վրաստան հարաբերություններում, որքան Վրաստանի ներքին միջէթնիկ կյանքում։

Միաժամանակ կարևոր է այն, որ Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը, կարծես թե, այնքան էլ մեծ ազդեցություն չի գործել թիֆլիսահայության (ըստ մեր դաշտային նյութի) էթնիկ վարքաբանության վրա։ Հաղթող հայի կերպարը թիֆլիսահայ միջավայրում համեմատաբար թույլ է արտահայտված։

Այսպիսով, ստեղծված է մի իրավիճակ, երբ ներքին համայնական կյանքում տիտղոսակիր ժողովրդի և ազգային փոքրամասնության հարաբերություններում նկատվում է ոչ համարժեք փոխադարձ ընկալում։ Մեր դիտարկումների համաձայն՝ վրացիների ընկալմամբ հայերը բավական ուժեղ ու կարող ազգ են, հետևաբար, իրենց կողմից հայկականության նկատմամբ մրցակցությունն արտահայտվում է առավել կազմակերպված, համակարգված է ու հետևողական։ Փոխարենը Թբիլիսիի հայկական միջավայրում (ինչը չի կարելի ասել Ջավախքի մասին) մրցակցությանը ձգտելու, հաղթելու, տիրելու ցանկությունները թույլ են արտահայտված։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ այստեղ թույլ են արտահայտված նաև պատմականորեն համայնական կյանքով ապրող ժողովուրդներին բնորոշ (առաջին հերթին՝ հայերին) ինքնապաշտպանական մեխանիզմները (իմունիտետը)։

Անշուշտ, Թբիլիսիի հայկական համայնքի այս առանձնահատկությունները պետք է փնտրել նախ պատմության էջերում, օրինակ՝ ոչ այնքան հեռու անցյալում (մոտ 100 տարի առաջ), երբ հայկական տարրն ակտիվ ներգրավված էր Թիֆլիսի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքում։

Հայտնի է, որ Սփյուռքում ապրող հայությանն ընդհանուր առմամբ բնորոշ է վիրտուալ հոգեբանական կապը Հայրենիքի հետ՝ Հայրենիքի տեսիլքը, թաքուն փայփայած հավատն առ այն, որ մի օր լինելու է վերադարձ դեպի Հայրենիք։ Թբիլիսիի հայության միջավայրում այս սպասումը չի նկատվում, քանի որ Թիֆլիսն իր տունն է։ Ինչպես նշում են մեր զրուցակիցներից շատերը, «մենք հյուր չենք այս տարածքում, ընդհակառակը, մենք միշտ եղել ենք, մենք ենք ուրիշներին ընդունել»։

Մյուս կողմից էլ, Թբիլիսին այնքան մոտ է Հայաստանին, որ թիֆլիսահայության համար անկախության այս տարիների ընթացքում դեռևս չի ձևավորվել արտերկրում ապրելու գիտակցությունը, մեր զրուցակցի խոսքերով՝ «մեզ միշտ թվացել է, թե մենք ապրում ենք երկու սենյականոց բնակարանում, ոչ մի հայի մտքով չէր անցնում, որ տեղափոխվելով Երևանից Թիֆլիս՝ ինքը հայտնվել է այլ երկրում։ Մեզ համար Վրաստանը Հայաստանի շարունակությունն է. և՛ այնտեղ է Հայաստան, և՛ այստեղ, և՛ այնտեղ հայեր կան, և՛ այստեղ։ Հիմա ամեն ինչ փոխվել է, բայց մենք դեռ չենք փոխվել»։

Այսօր թիֆլիսահայը գտնվում է անմիջապես իր հայրենիքի հարևանությամբ գտնվող քրիստոնեական երկրում, որտեղ հայկական տարրի ներկայության մասին իրեն հիշեցնող բազում ապացույցներ կան։ Հետևաբար, նա իրեն չի համարում սփյուռքում ապրող հայ, որն ինքնության պահպանման կարիք և անհրաժեշտություն ունի։

Այս առանձնահատկություններով է հիմնականում բացատրվում ինքնապաշտպանական ավանդական մեխանիզմների թույլ արտահայտվածությունը, որպես այդպիսին՝ կազմակերպված համայնքի բացակայությունը։

Ուծացման վտանգի թերագնահատումը հանգեցրել է նրան, որ այսօր մենք խոսում ենք արդեն հայ համայնքի աստիճանական անկման, նաև ոչ հեռու ապագայում հնարավոր կորստի մասին։

Այսօր թիֆլիսահայ համայնական կյանքի կազմակերպումը, կարելի է ասել, ընթանում է տարերայնորեն և չի ղեկավարվում որևէ կենտրոնից` լինի համայնական կառույց, որևէ քաղաքական կուսակցություն (կամ կուսակցություններ), հասարակական կազմակերպություն, եկեղեցի, մշակույթի տուն, թե այլ բան։ Իրականում այստեղ գործում են հայկական մշակութային, կրթական, հոգևոր և այլ կառույցներ (հայ քաղաքական կուսակցություններ չեն գործում), բայց համայնական կյանքի կազմակերպման, այսպես ասած, «կենտրոնական իշխանություն» փաստացի չկա։ Թիֆլիսի հայ համայնքի ակտիվ անդամների հիմնական մտահոգությունն այն է, որ համայնքը պառակտված է տարբեր խմբավորումների, անհատների, կազմակերպությունների միջև, խարխլված են ներքին միասնությունն ու համախմբվածությունը։

Վերջին տարիներին վրացական ազգային ընտրանու կողմից տարվում է պետական սեկտորից, նաև երկրի սոցիալ-տնտեսական կյանքից այլազգիների (առաջին հերթին՝ հայերի) հետևողական դուրսմղման քաղաքականություն։ Արդյունքում՝ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, պետական համակարգում հայերի թիվը 1-2 %-ից չի անցնում։ Հայերն ունեն 5 պատգամավոր Վրաստանի Ազգային ժողովում, մեկ էներգետիկայի փոխնախարար, իսկ նախարարություններում և գերատեսչություններում հայերի գրեթե չենք հանդիպի։ Վրացական կողմը նման իրավիճակը բացատրում է հայերի՝ իբր պետական լեզվի չիմացությամբ (Ջավախքի դեպքում միգուցե կարելի է նման պատճառաբանություն հրամցնել, թեպետ դա էլ առանձին քննարկման կարիք ունի), բայց Թբիլիսիի հայության մեծ մասը լեզվին տիրապետում է։ Մեր զրուցակիցների կարծիքով՝ այս իրավիճակի հիմնական պատճառը հայկական ազգանուններն են։ Դա վերաբերում է հիմնականում պետական սեկտորին։ Ինչ վերաբերում է մասնավորին, ապա «այստեղ հայերին ընդունում են աշխատանքի, եթե համապատասխանում է մասնագիտական պահանջներին, բայց նույն աշխատանքի դիմաց հային վարձատրում են ավելի քիչ, քան վրացի մասնագետին»,- նշում է մեր զրուցակիցը։ Այսպիսով, Թբիլիսիում հայերի հասարակական դիրքերը վերջին տարիներին նկատելիորեն թուլացել են, ինչն ուղեկցվում է Վրաստանի մայրաքաղաքում հայերի ներկայության ոչ հեռանկարային լինելու մասին համատարած տրամադրություններով։

Դպրոց

Հայության հասարակական դիրքերի թուլացմանը զուգընթաց, լուրջ խնդիրներ են առաջացել կրթության բնագավառում։

Թբիլիսիի հայկական համայնքի ազգապահպանման խնդիրը մեծապես պայմանավորված է առաջին հերթին հայկական դպրոցների անխափան գործունեությամբ։ Իրապես, եթե չլինի հայկական դպրոց, ապա հայկական թատրոնը կկորցնի իր հանդիսատեսին, հայերեն հրատարակվող թերթը՝ իր ընթերցողին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը՝ իր հավատացյալին, բուհական համակարգում գործող միակ հայկական ամբիոնը՝ իր դիմորդին։ Թբիլիսիում ապրող հայերի թիվը հասնում է մոտ 100 հազարի, և քաղաքում գործում է ընդամենը 8 դպրոց2։ Ներկայումս այդ 8 դպրոցներից 6-ը փակման վտանգի առջև են կանգնած։ Այդ վտանգն առավել քան իրական է, քանի որ Վրաստանի կառավարությունը հանրակրթության ոլորտում անցնում է, այսպես կոչված, վաուչերային համակարգի։ Այս «բարեփոխումը» ենթադրում է, որ բոլոր այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը 700-800-ից պակաս է, մեխանիկորեն պետք է փակվեն, քանի որ պետությունն ի վիճակի չէ սուբսիդավորել դրանք։ Նշված 8 դպրոցներում սովորող հայ աշակերտների թիվը միասին վերցրած կազմում է մոտ 700 աշակերտ։ Այդ դպրոցներից միայն երկուսն են (95-րդը և 104-րդը) ամբողջությամբ հայկական, իսկ մնացածն ունեն հայկական սեկտոր, որը գործում է ռուսական և վրացական սեկտորներին զուգահեռ։

Հայերը հիմնականում հաճախում են ռուսական դպրոցներ։ Դրանցում սովորողների մոտ 90%-ը, իսկ ուսուցիչների 75-80%-ը հայեր են։ Բայց այստեղ էլ նոր միտումներ են նկատվում. վրացական դպրոցներում ազգությամբ հայ աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է և այսօր արդեն հասնում է մոտ 15 %-ի։

Ներկայում համայնքում շրջանառվում է այն կարծիքը, թե հայկական դպրոցների փակումն արդարացված է։ Ծնողները, մտահոգված իրենց երեխաների ապագայով, խուսափում են նրանց հայկական դպրոց ուղարկել, պատճառաբանելով, որ հայկական դպրոցներն ի վիճակի չեն ապահովել իրենց երեխայի՝ Վրաստանի լիիրավ քաղաքացի լինելու և ներքին կյանքին ինտերգվելու հեռանկարը։ Մեր զրուցակիցների կարծիքով՝ Թիֆլիսի հայկական դպրոցները փրկելու ջանքերն արդեն ուշացած են, և գործընթացն անդառնալի հետևանքներ կունենա հայապահպանության առումով։

Ընդհանրապես հայկական դպրոցների խնդրում այսօր առկա է հիմնականում երկու մոտեցում.

Առաջինը (որը նաև Վրաստանի կառավարության՝ ի դեմս կրթության նախարարության, տեսակետն է)՝ փակել 8 հայկական դպրոցները, փոխարենը թողնել միայն քաղաքի կենտրոնում գտնվող 2 դպրոց՝ 95-րդը և 104-րդը։ Այս մոտեցման կողմնակիցները, որպես դրա դրական կողմ, նշում են, որ ավելի լավ է 8 վատի փոխարեն ունենալ երկու բարձրակարգ ժամանակակից դպրոց։ Գտնում են, որ պետք է քայլեր ձեռնարկվի նշված 2 հայկական դպրոցներում հանրակրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, վրացերենի դասավանդման որակի բարելավման ուղղությամբ (օրինակ՝ երկլեզու կրթության համակարգի ներդրում, որը կիրառվում է մի շարք եվրոպական երկրներում, ուր բնակվում են ազգային փոքրամասնություններ) և այլն։ Այս մոտեցման կողմնակիցները գտնում են, որ նման ձևով կարելի է կասեցնել թիֆլիսահայերի օրեցօր աճող արտագաղթը։ Բայց այս ծրագրի իրականացման դեպքում վտանգ կա, որ քաղաքի մյուս հատվածներում գտնվող 6 դպրոցների հայկական սեկտորների աշակերտները կնախընտրեն տեղափոխվել իրենց բնակավայրին մոտ գտնվող ռուսական կամ վրացական դպրոցներ։ Այսպիսով, հայ աշակերտների թիվը կնվազի և կսահմանափակվի միայն այդ երկու դպրոց հաճախող աշակերտներով, որոնք բնակվում են մոտակայքում։

Երկրորդն ավանդական մոտեցում է՝ ամեն գնով աշխատել պահել բոլոր 8 դպրոցները։ Այս մոտեցման կողմնակիցները գտնում են, որ անիմաստ է սպասել Վրաստանի կառավարության աջակցությանը, միայն Հայաստանն է, որ կարող է միջամտել և ուղղակի ֆինանսավորել այդ դպրոցները։ Անշուշտ, այս մոտեցման կողմնակիցների բանակը մեծ է, դրանց թվում են հիմնականում փակման ենթակա հայկական դպրոցների ուսուցիչները, որոնց մեծ մասը գործազրկության կմատնվի, բուհական համակարգում գործող միակ՝ հայոց լեզվի և գրականության բաժնի աշխատակազմը, որը կզրկվի առանց այն էլ տարեցտարի քանակապես նվազող դիմորդներից և այլն։

Այս նոր ուսումնական տարում նշված 8 դպրոցները շարունակում են իրենց կրթական առաքելությունը, բայց մի քանի դպրոցներում իրականացվել է հետևյալ ծրագիրը. ձևավորվել են, այսպես կոչված, կոմպլեկտ դասարաններ։ Այսինքն, երբ միավորվում են մի քանի դասարաններ (օրինակ՝ 1-ին և 2-րդ, 3-րդ և 4-րդ և այլն), կրթական գործընթացը վարում է մեկ ուսուցիչ, բայց դասարանում նստած են տարբեր տարիքի և դասարանի աշակերտներ։ Այսպիսով, կրճատվում է ուսուցչական կազմը։ Անկասկած, այս կերպ էլ ավելի կտուժի ուսումնառության որակը, կառաջանա նոր դժգոհություն ծնողների շրջանում, և աշակերտների թիվը կշարունակի պակասել։ Փաստորեն, այս մեթոդով հայկական դպրոցների և հայեցի կրթություն ստանալու գլխավոր խնդիրը ոչ միայն լուծում չի ստանում, այլև խորանում է առկա ճգնաժամային իրավիճակը։

Իրականում, Վրաստանում տխուր հեռանկար ունեն ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական դպրոցները, այն պարզ պատճառով, որ, համաձայն կառավարական որոշման, բուհ ընդունվելու համար բոլոր դիմորդները պետք է հանձնեն նույն բարդությամբ վրացերեն լեզվի քննություններ, ինչը պահանջվում է վրացական դպրոցների շրջանավարտներից։ Այդ է պատճառը, որ եթե մինչև վերջերս հայերը զանգվածաբար հաճախում էին ռուսական դպրոցներ, ապա վերջին 1-2 տարիներին նկատվում է դեպի վրացական դպրոցներ հայերի հոսքի ավելացում։

ԲՈՒՀ

Թիֆլիսի Ա.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտը, որտեղ 1939թ. գործում էր հայկական ամբիոնը, տարիներ շարունակ բարձրորակ կադրերով հայկական դպրոցներին ապահովել է ուսուցիչներով ոչ միայն հայոց լեզու, հայ գրականություն, այլև հայերեն լեզվով ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա և այլ առարկաներ դասավանդելու համար։ Այսօր այդ ինստիտուտն այլևս գոյություն չունի։ Այն միացվել է Օտար լեզուների ինստիտուտին և վերանվանվել Իլյա Ճավճավաձեի անվան լեզուների համալսարան։ Այստեղ պետք է գործեր հայկական բաժին, բայց բոլորովին վերջերս այն միավորվել է ադրբեջանական, ռուսական և այլ լեզուների բաժինների հետ։ Խորհրդային տարիներին հայկական ամբիոնը միջինը տարեկան ունենում էր 10 ուսանող։ Անցած ուսումնական տարում 2 դիմորդ է ունեցել, հետո դասախոսական կազմի ջանքերով հասցվել է 6-ի, բայց մեկ ուսանող վճարովի համակարգից դուրս է մնացել վարձը չմուծելու պատճառով։ Դիմորդների թվի անկումը բացատրվում է նրանով, որ այս ամբիոնի շրջանավարտն աշխատանք գտնելու լուրջ խնդիր կունենա, քանի որ հայկական դպրոցներում բոլոր առարկաները (բացի հայոց լեզվից և գրականությունից) դասավանդվելու են միայն վրացերենով։

Հայկական դպրոցների աղետալի վիճակն ուղղակիորեն բացասաբար է ազդում բուհական համակարգում վերը նշված միակ գործող հայկական բաժնում կրթական գործընթացի կազմակերպման վրա՝ այն նույնպես դարձնելով անհեռանկարային։

Այսպիսով, Վրաստանի կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում Թբիլիսիում հայապահպանության հիմնական գործառույթ իրականացնող՝ հայկական դպրոցների վերացման ուղղությամբ։ Այս բնագավառում հիմնախնդիրներն արդեն համակարգային բնույթ են կրում։ Իրավիճակն այնպիսին է, որ այսօր արդեն մեծ ջանքեր կպահանջվեն տեղի հայության կողմից այս զարգացումները կասեցնելու, նաև Վրաստանի մայրաքաղաքում նրա երբեմնի սոցիալ-տնտեսական, քաղաքական դիրքերը վերականգնելու համար։

Եթե իրատես լինենք, ապա պետք է նշենք, որ ներկայում հայ համայնքի ներուժը բավարար չէ այս խնդրի կարգավորման համար։ Տեղի հայությունը խնդիրը լուծելու միակ ուղին համարում է ՀՀ իշխանությունների և Սփյուռքի աջակցությամբ համատեղ ծրագրերի մշակումն ու դրանց իրականացումը։

Просмотров: 614 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar