Վրաստանի
նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի
շրջանակներում 2010թ. հունիսի 8-ին հանդես եկավ Փարիզի քաղաքական
գիտությունների ինստիտուտում «Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների
աշխատանոց հետխորհրդային տարածքում» թեմայով զեկույցով:
Միջոցառմանը
ներկա էր «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցիչը, որը ելույթին
հաջորդած հարցուպատասխանի ընթացքում Վրաստանի նախագահին ուղղեց հետևյալ
հարցը. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Եվրախորհրդի, ֆրանսիական և
եվրոպական դիտորդների, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների
վերջին զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային
փոքրամասնությունների և մասնավորապես Սամցխե-Ջավախք նահանգում բնակվող
հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում: Ի՞նչ կոնկրետ
քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանությունները կյանքի կոչելու համար
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները, որոնք պահանջում
են ապահովել ազգային փորքամասնությունների առավել լիարժեք
ներկայացվածությունը Վրաստանի քաղաքական և մշակութային կյանքում»: Ի
պատասխան` Վրաստանի նախագահը հայտարարեց հետևյալը. «Ես չգիտեմ, թե ի՛նչ
զեկույցների մասին եք Դուք խոսում, Ձեր ասածը ճիշտ չէ, երբեք չեմ տեսել
լուրջ կազմակերպություն, որը մեզ նման բաներ ասի»: Սահակաշվիլին
այնուհետև հայտարարեց, որ «հայերը Սամցխե-Ջավախքում շատ երջանիկ են իրենց
վիճակով, նրանց 88%-ը նույնիսկ քվեարկել է իմ օգտին վերջին նախագահական
ընտրությունների ընթացքում եւ 87%-ը՝ իմ կուսակցության օգտին անցած ՏԻՄ
ընտրությունների ընթացքում»: Սահակաշվիլին ավարտեց իր պատասխանը խորհուրդ
տալով «Նոր սերունդի» ներկայացուցչին իր հիշատակած զեկույցները «նետել
աղբարկղ»: «Նոր սերունդ» կազմակերպությունը վրդովված է Վրաստանի
գորադիր իշխանության ղեկավարի վերաբերմունքով, որը բացահայտորեն մերժում
է ջավախքահայության վիճակի վերաբերյալ իրական փաստերը: Բավականին
յուրահատուկ է Վրաստանի նախագահի այն արտահատությունը, որ ՄԱԿ-ի և
Եվրախորհրդի հանձնարարականները, այսինքն այն կազմակերպությունների, որոնց
Վրաստանն անդամակցում է, պետք է «դեն նետել»: «Նոր սերունդ»-ն իր
հատուկ մտահոգությունն է արտահայտում ջավախահայության նկատմամբ
իրականացվող խտրական քաղաքականության, հայ քաղաքական ակտիվիստների և
քաղաքական կազմակերպությունների դեմ իրականացվող հալածանքների, Վրաստանում
մարդու իրավունքների ոտնահարումների եւ ժողովրդավարության առկա վիճակի
կապակցությամբ: 2010թ. հունիսի 10, Փարիզ Միխեիլ
Սահակաշվիլու պատասխանի կապակցությամբ «Նոր սերունդ» կազմակերպության
տարածած մամուլի հաղորդագրության հայերեն թարգմանությունը` կատարված
«Երկիր» ՀԿ միության կողմից (որոշ կրճատումներով):
|