Վրաստանի
իշխանութիւնների կողմից որևէ լուրջ քայլ չի ձեռնարկւել այդ երկրում Հայ
Առաքելական եկեղեցու կարգավիճակի և Հայերէնին` Ջաւախքի երկրամասի երկրորդ
պաշտօնական լեզւի կարգավիճակ տրամադրելու ուղղութեամբ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ յայտնեց «Վիրահայոց Միասնութիւն» ՀԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամաւոր Տաճատ Վարդապետեանը: Նշելով,
որ հայկական եկեղեցիների հարցը բազմիցս է քննարկւել Հայ-վրացական
պաշտօնական հանդիպումների ժամանակ, նա յոյս յայտնեց, որ էական արդիւնքներ
կարող են լինել Ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան այս տարի սպասւող այցից
յետոյ: Ըստ բանախօսի, առկայ են նաև Հայաստանից Ջաւախք հայալեզու
գրականութեան ներմուծման խնդիրներ, որոնք երբեմն լուծւում են կրթութեան
նախարարութիւնների մակարդակով: Անդրադառնալով այն տեղեկութիւններին, որ
Ջաւախքում նորից մեծ թափով թուրք մեսխեթցիներ և սվաններ են բնակեցւում,
Տ.Վարդապետեանն ասաց, որ «դա իմիտացիա է»: «Դա միշտ մտահոգում է բոլոր
ջաւախքցիներին, բայց այս պահին դա այդքան էլ իրական չէ: Երևի թէ այդ հարցն
աւելի շատ պէտք է մտահոգի վրացիներին, քանի որ թուրք-մեսխեթցիների նախկին
բնակութեան տարածքի 90 տոկոսը այսօր վրացիներով է իւրացւած: Այսինքն` սա
նաև Վրաստանի ազգային անվտանգութեանը սպառնացող գործընթաց է, և պէտք է այդ
քայլի ուղղութեամբ լուրջ քայլեր ձեռնարկւեն»,- ասաց նա:
|