2010-2011 թթ. ուսումնական տարին Ջավախքի հայկական դպրոցների կրթական
համակարգում մի շարք փոփոխություններ է նախատեսում: «A-info»-ի փոխանցմամբ,
պարզվել է, որ գալիք ուսումնական տարում հայոց լեզվի եւ գրականության
դասաժամերը կրճատվելու են` իրենց տեղը զիջելով վրացերենին: Ընդ որում,
հայերենով տարվող բոլոր դասընթացներն այսուհետ կանցկացվեն երկլեզու
համակարգով. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերենով, երկրորդ
կեսը` վրացերենով: Ասվածը վերաբերվում է նաեւ աշակերտներին, ովքեր
համապատասխան թեման ներկայացնելիս նույնպես պետք է «օգտվեն» երկլեզու
համակարգի ընձեռած «երկկողմանի շահավետ» հնարավորությունից:
Պարզվում է դպրոցներում մինչ այս գործող լաբորատորիաները, բուժկետերը,
երգի-պարի խմբակները, նախնական տվյալներով՝ նաեւ գրադարանները այլեւս պետք
չեն ու չեն գործի, ինչը, համապատասխանաբար ազդում է նաեւ հաստիքների վրա:
Հայոց պատմության դասաժամերը, ինչպես վերջին մի քանի տարիների
ընթացքում, ֆակուլտատիվ հիմունքներով են անցկացվելու, կրճատվել են նաեւ
կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի դասաժամերը…
Չնայած այն տեղական իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ
հայազգի ոչ մի ուսուցիչ չի զրկվելու հետագա մասնագիտական գործունեություն
ծավալելու հնարավորությունից, դասաժամերի զգալի կրճատումները, ակնհայտորեն,
այլ բանի մասին են վկայում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ պակաս կարեւոր խնդիր է դարձել նաեւ
դասագրքերի ձեռքբերման հարցը: Հայաստանում հրատարակվող եւ անվճար
տրամադրվող հայալեզու դասագրքերն արդեն մի քանի տարի է, ինչ անհասանելի են
ջավախահայ աշակերտներին: Փոխարենը՝ նրանք ստիպված են Վրաստանում լույս
ընծայվող մեսրոպատառ դասագրքերը ձեռք բերել բավականին թանկ գնով եւ նման
պայմաններում կազմակերպել ուսումնառության գործընթացը:
Սակայն խնդիրը միայն սա չէ. այդ դասագրքերը առանձնանում են անհաջող
թարգմանությամբ, բազում տառասխալներով, խրթին շարադասությամբ, շատ
դեպքերում նաեւ աղավաղված բովանդակությամբ: Խոսքը հատկապես վերաբերում է
Վրաստանի պատմությունը ներկայացնող դասագրքերին, որոնք հայ աշակերտին
ներկայացնում են հայոց պատմությանն առնչվող աղավաղված քարտեզագրություն,
պատմական իրադարձություններ եւ այլն: