![](http://www.hoosk.net/images/stories/javakhk003_171009.jpg)
Պատմական ակնարկ
Մեծ Հայքի Գուգարք նահանգի
Ջավախք գաւառի մասին պատմագրութեանը յայտնի հնագոյն յիշատակութիւնը մ.թ.ա.
VIII դարից է, Արգիշտի Ա-ի (786-764) Խորխորեան տարեգրութեան մէջ՝ որպէս
երկրանուն Զաբախա անւանաձևով:
Վ. Սարգսյեանն իր
ուսումնասիրութիւններից մէկում փորձ է արել Ջաւախք տեղանւան ծագումը
ստուգաբանել «Ճապաղ-Ջաւախք» անցման տեսանկիւնից՝ հիմք ընդունելով
երկրամասի աշխարհագրական միջավայրի առանձնայատկութիւնը, մասնաւորապէս
ընդարձակ ու ջրառատ հարթավայրերը:
Ջաւախքի առաջին յիշատակութեանը սույն անւանաձևով հանդիպում
ենք V դարի պատմիչ Մովսես Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ, որն առնչւում
է Մեծ Հայքի Վաղարշակ արքայի ծաւալած վարչաքաղաքական համակարգի
բարենորոգումներին.
Մ.թ.ա. IV դարում Ջաւախքը վրաց
Փառնաւազ թագաւորի ամառանոցն էր. «Զաշունն եւ զգարունն առնէր ի Մցխեթաս
քաղաք, եւ զամառն ի Ջաւախէթ եւ զձմեռն ի Գանչէնսն...»:
Արևելեան Հռոմեական կայսրութեան և Սասանեան Պարսկաստանի միջև Մեծ
Հայքի առաջին բաժանման ժամանակ (387թ.) Ջաւախքը Գուգարաց բդեշխութեան
գաւառների մեծ մասի հետ կցւեց Վիրքին:
IX դարում Ջաւախքի հարաւային
մասը՝ Գոգշենը, միացւում է Հայաստանի Բագրատունեաց թագաւորութեանը, բայց
գաւառի կենտրոն Ախալքալաքը շարունակում է մնալ Վրաստանի կազմում: 1065-ին
երկրամասը նւաճում և աւերում են թուրք-սելջուկները։
1236-ին Ջաւախքը գրաւում են մոնղոլները: 1266-ին վերջիններիս
աջակցութեամբ ծագումով հունադաւան հայ Սարգիս Ջաղեցին Ջաւախքի և հարևան
Ախալցխայի տարածքներում, հիմք է դնում Սամցխե-Սաաթաբագո անւամբ յայտնի
դարձած իր իշխանութեանը։
Պետական այս միաւորը գոյատևում է մինչև 1637թ.՝ թուրքերի կողմից տարածքի վերջնական նւաճումը:
Ջաւախքը թրքական և ռուսական իշխանութեան ներքոյ
XVII- XIX դարի սկզբները Ջաւախքը գտնւել է թրքական
բռնակալութեան ներքոյ և վարչականորեն ենթարկւում Ախալցխայում նստող
փաշաներին: 1828թ., երբ ռուս-թուրքական հերթական պատերազմի աւարտից յետոյ
տարածքը վերջնականապես միացւում է Ռուսաստանին, երկրամասի միայն հազւագիւտ
գիւղերում էին մնացել քրիստոնեա բնակիչներ:
Ախալցխայի անկումից յետոյ տեղի է ունենում Օսմանեան կայսրութեան և Ռուսաստանին անցած տարածքներից բնակչութեան փոխադարձ գաղթ:
1905թ.` հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, հակառակ Ջաեախքում
թուրք տարրի սակաւաթւութեան հանգամանքին, վերջիններիս աւազակային
հարձակումները երկրամասի մի շարք գիւղերին պատճառեցին տնտեսական
որոշ վնասներ:
1918թ. ռուս-թուրքական ռազմաճակատի կազմալուծումից յետոյ`
թուրքական բանակի ներխուժման ժամանակ, ազգային ղեկաւար ուժերը, հակառակ
առկա ներուժին, ի զորու չգտնւեցին կազմակերպել Ջաւախքի
ինքնապաշտպանութիւնը, ուստի և անտերունչ բնակչութիւնը մատնւեց աղետաբեր
խուճապի:
Ռուսական կայսրութեան
փլուզումից յետոյ Ջաւախքը յայտնւում է նորաստեղծ Վրաստանի Հանրապետութեան
տարածքային հավակնութիւնների ոլորտում:
Ջաւախքը Խորհրդային տարիներին
1921թ. նոյեմբերի 6-ին Թիֆլիսում կնքել հայ-վրացական պայմանագիր,
որով ի հեճուկս բնակչութեան միահամուռ կամքի Ջաւախքը մնաց Վրաստանի
խորհրդային սոցիալիստական հանրապետութեան (ՎԽՍՀ) կազմում:
1929թ. ՀԽՍՀ-ն եւ ՎԽՍՀ-ն ընդունեցին իրենց առաջին
Սահմանադրութիւնները, որոնցով վերոնշեալ տարածքներն ամրագրւեցին որպես
ՎԽՍՀ տարածքներ: Ախալքալաքի եւ Բորչալուի գաւառի որոշ հատւածներ
Հայաստանին միաւորելու հարցը կրկին բարձրացւեց 1936թ. ԽՍՀՄ երկրորդ
Սահմանադրութեան ընդունման ժամանակ, սակայն այս անգամ եւս այն,
մասնաւորապես (ազգութեամբ վրացի) Բերիայի ջանքերով, անարդիւնք մնաց:
1924-1953թթ. ստալինեան բռնապետութեան պայմաններում վերոգրեալ
տարածքների խնդիրը, որպես Հայկական Հարցի բաղկացուցիչ մաս, բացարձակապես
լռութեան մատնւեց: Խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում Ախալքալաքի եւ
Բորչալուի գավառները Հայաստանին վերադարձնելը, զանգւածային ահաբեկումների
եւ բռնաճնշումների պայմաններում բացարձակ լռութեան մատնւեց` քաղաքական
հարցից հետզհետե վերածւելով սոցիալ-տնտեսական գործոնի:
Ջաւախքը ԽՍՀՄ փլուզումից յետոյ
Այս միտումը որոշակիորեն
սկսւեց փոխւել եւ ազգային-քաղաքական դրսեւորում ստանալ ԽՍՀՄ փլուզումից,
Վրաստանի անկախացումից եւ այդ երկրում Գամսախուրդիայի իշխանութեան գալուց
յետոյ: Ախալքալաքում եւ միւս հայաշատ քաղաքներում ու շրջաններում հայերին
ազգային միատարրութիւնից զրկելու, ինչպես նաեւ ժողովրդագրական պատկերն
արհեստականորեն ի վնաս հայերի փոխելու, ինչպես նաև Ախալքալաքի ու
Բոգդանովկայի շրջանները վարչական ինքնուրունութիւնից զրկելու համար
վրացական իշխանութիւնները Ախալքալաքի, Ախալցխայի, Բոգդանովկայի, Ասպինձայի
եւ Ադիգենեյի շրջանները միաւորեցին իբրեւ մեկ վարչական նահանգ` Ախալցխա
կենտրոնով: Դրա շնորհիւ, մասամբ նաեւ վարչական մարմինների՝ Ախալքալաքից
աւելի քիչ հայերով բնակեցւած Ախալցխա տեղափոխմամբ, վարչական մարմիններում
հայերի կշիռը սկսեց նւազել:
Ջավախքն այսօր կանգնած է
տնտեսական, քաղաքական ու հասարակական մարտահրավերների առջև: Հայերի
արտագաղթի համար առկա են նպաստաւոր պայմաններ՝ սոցիալ-տնտեսական անմխիթար
իրավիճակ, խտրական վերաբերմունք հայ բնակչութեան նկատմամբ, հայկական
կրթական հաստատութիւնների ծանր վիճակ, վրաց լեզւին չտիրապետել և այլն:
Վրացական իշխանութիւնների կողմից Ջաւախքի հայաբնակ տարածքները վրացիներով
բնակեցնելու քաղքականութիւնը լրջագոյն սպառնալիք է տարածքի ժողովրդագրական
պատկերի համար, որտեղ մինչ այժմ գերակշռում են հայերը: Միևնոյն ժամանակ,
թուրք-մեսխեթցիներին Ջաւախքում բնակեցնելով, Ջաւախքի վերաբնակեցման կամ
էթնիկ կազմի փոփոխութեան գործին մասնակից է նաև թրքական գործոնը:
Վրացական լրատւամիջոցների
հակահայկական բովանդակութեամբ հրապարակումներում Ջաւախքը ներկայացւում է
որպես հայ էթնիկ ազգայնական անջատողականութեան օջախ: Մասնաւորապես
ընդդիմադիր լրատւամիջոցների կողմից Ջաւախքի հարցը նաև շահարկում է գործող
իշխանութեան դէմ պայքարում:
|