Մոտ երեք ամիս առաջ սկսվել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Այդ նպատակով դրամահավաք է կազմակերպվել: Եկեղեցու
քահանա Տեր Տաթեւը մեզ տեղեկացրեց, որ շատերն են մասնակցել արդեն: Ներքին
վերանորոգման ծախսերի կեսը կատրավում է ընդհանուր հանգանակած գումարների
հաշվին, մյուս կեսը` անհատ բարերարի հաշվին, ով չի ուզում հրապարակել իր
անունը: Կատարվելու են նաեւ բակային աշխատանքներ: Բայց ամեակարեւորը
և անհրաժեշտը եկեղեցու գմբեթը փոխելն է. այն փայտաշեն է: Մոտ ապագայում
նպատակ ունեն գմբեթը քարաշեն կառուցել: Տեր Տաթեւը նշում է, որ այսօրվա
գմբեթն այնքան էլ համահունչ չէ հայկական եկեղեցու ոճին. «Ժամանակին
մարդիկ, սուղ հնարավորությունից ելնելով, փայտաշեն, թիթեղով պատած գմբեթ
են կառուցել, իսկ հայկական եկեղեցիների գմբեթները լինում են քարաշեն»:
Գմբեթի հետ անհրաժեշտ կլինի նաեւ փոխել տանիքը: Իսկ դա մեծ գումարի հետ է
կապված: Տեր Տաթեւը դժվարացավ հստակ գումար ասել` նշելով, որ պետք է
նախահաշիվ կազմել: 2008 թ.-ին Սուրբ Խաչ եկեղեցում որոշ
վերանորոգման աշխատանքներ իրականացվել են: Խաչքավորների աջակցությամբ
նախկինում փայտաշեն խորանը փոխարինվել է մարմարյա նորով: Ավազանն ու
հատակն էլ է նորոգվել առանձին բարերարներ տրամադրած գումարներով: «Իսկ
հիմա ինչքան որ դրամահավաք իրականացրեցինք, կարծես թե քաղաքի պոտենցիալը
սպառվեց. հիվանդանոցը մասնակցեց, քաղաքի երեք դպրոցներից մեկը մասնակցեց,
3 մանկապարտեզները մասնակցեցին, երաժշտական դպրոցը, մունիցիպալիտետն իր
անձնակազմով եւ գյուղական համայնքների ղեկավարները, միջին բիզնես
անողներից փոքր գումարներով մասնակցել են»,- ասաց Տեր Տաթեւը: Տեր
Հայրը նշեց, որ իրենց նպատակն է ներառել նաեւ արտերկրում գտնվող
մեծահարուստներին. «Մենք 4 ամիս է արդեն այս մասին խոսում ենք, բայց
դեռեւս ընդամենը մեկ հոգի է արձագանքել, եւ սկսել աշխատանքները»:
Վերանորոգման աշխատանքները կշարունակվեն այնքան, որքան բավականացնի
հանգանակած գումարը:
|