ԱՄՆ-ը կոչ Է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ այն նոր փաստերի կապակցությամբ, որոնք վկայում են Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրին առնչվող խախտումների մասին: Այդ մասին չորեքշաբթի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: Դրա հետ մեկտեղ նա չի ճշտել, թե Վաշինգտոնն արդյոք կոչ Է անում նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ, թե պարզապես առաջարկում Է արձագանքել Անվտանգության խորհրդի հայտարարության տեսքով:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհրաժեշտ Է համարժեք պատասխան տալ Իրանի վերջին գործողություններին»,-ասել Է Ռայսը: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունում նախկինի պես անհանգստացած են միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ Իրանի հնարավոր ակտիվությունից:
ՄԱԳԱՏԷ-ն նաեւ մտահոգություն Է հայտնում այն կապակցությամբ, որ Իրանը քանիցս առարկել Է երկրում աշխատելու համար գործակալության տեսուչների նշանակմանը: «Իրանն անհրաժեշտ չափով չի համագործակցում, ինչը ՄԱԳԱՏԷ-ին թույլ չտվեց հաստատել, որ իրանական միջուկային վառելիքի բոլոր պաշարները օգտագործվում են խաղաղ նպատակներով»,-հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանուն:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Թոնի Վիետորը հայտարարել Է, որ Վաշինգտոնն անհանգստացած Է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցից եւ դա դիտում Է որպես այն բանի եւս մեկ վկայություն, որ Թեհրանի իշխանությունները հրաժարվում են կատարել իրենց միջազգային պարտավորությունները: «Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցը վերստին ցույց Է տալիս, որ Իրանը հրաժարվում Է կատարել միջուկային բնագավառում իր միջազգային պարտավորությունները, շարունակում Է ջանքեր գործադրել իր միջուկային ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ եւ մոտենում Է միջուկային զենքի ստեղծման համար հնարավորություններ ստանալուն»,-ընդգծել Է նա: