Հայաստանում այսօր կա ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ Հայ ազգային կոնգրես, որոնք փաստացի ազդեցություն ունեն Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց քաղաքական ու ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Հայաստանում ուրիշ կուսակցություն՝ ոչ ՕԵԿ, ոչ «Ժառանգություն», եւ էլ նույնիսկ ՀՅԴ, չկա»,-նկատեց Բադալյանը: Նա նշեց, որ դատելով առկա իրավիճակից, հենց այս երեք քաղաքական միավորներն էլ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցնելու են խորհրդարան: Ընդ որում, խորհրդարան անցնելու հարցը լուծվելու է անձամբ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»:
«Ով որ կարողացավ լեզու գտնել Կրեմլի հետ, նա էլ անցնելու է խորհրդարան»,-նկատեց քաղտեխնոլոգը եւ հավելեց, որ կուսակցություններին հատկացվելիք տոկոսների քանակն անգամ ֆաքսով է ուղարկվելու՝ «սրան` այսքան, սրան` այնքան» սկզբունքով: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, Արմեն Բադալյանն ասաց, որ «Ռուսաստանը մեռած կուսակցությունների վրա «ստավկա» չի դնում»: Փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանում ընտրական եռուզեռն ու դրանով պայմանավորված՝ խորհրդարանական տեղերի բաշխման ուրվապատկերը տեսանելի կլինի եկող աշնանը: