Այս ուսումնական տարում Ջավախքի դպրոցների տարրական դասարաններում էապես կրճատվել է հայոց լեզվի դասաժամերի քանակը: Այս մասին սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վիրք» հ/կ-ի համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշեց, որ եթե նախորդ տարում հայերենի դասաժամերը շաբաթական 8 ժամ էին, իսկ վրացերենին հատկացվում էր 3 ժամ,ապա այս տարի հայերենի եւ վրացերենի դասաժամերի քանակը հավասարեցվել է՝ 5 ժամ` վրացերեն, 5 ժամ` հայերեն: «Ստացվում է, որ վրացերենի դասաժամերի քանակը բարձրացվել է հայերենի հաշվին, չնայած Վրաստանի կրթության նախարարի պնդումներին, որ վրացերենի ժամերը չեն ավելանալու հայերենի հաշվին»,-հայտարարեց Ռստակյանը՝ հավելելով, որ ջավախահայության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն ամեն ինչ անում են, որպեսզի պահեն մեր ազգային դպրոցը:
Ըստ նրա՝ Վրաստանի օրենսդրությունն այնպիսին է, որ դե յուրե արդեն հայոց դպրոց հասկացություն այլեւս գոյություն չունի, որովհետեւ կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդման լեզուն վրացերենն է: Ռստակյանի խոսքով՝ Վրաստանի կրթության նախարարությունը որոշել է, որ 2010 թվականից դե յուրե հայկական դպրոցներում դասավանդվող որոշ առարկաների դասավանդումը դարձնել վրացերեն, ինչը նշանակում է, որ այդ դպրոցները դառնում են երկլեզու: «Վրաց իշխանությունների նպատակը մեզ վրացերեն սովորեցնելը չէ, այլ աստիճանաբար վրացացնելը: Վաղը թուրքերի հետ հարաբերություններ կհաստատեն, երկաթգիծ կկառուցեն, թուրքերի մուտքը կապահովեն տարածաշրջան եւ մենք, բնականաբար, ամեն ինչ պետք է անենք, որ պաշտպանվենք: Իսկ դպրոցը ամենահանգուցային տեղն է այս առումով»,-ընդգծեց Ռստակյանը: Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է կոշտ դիրքորոշում ցուցաբերեն վրաց իշխանությունների այս քաղաքականությանը: Նա նաեւ չի բացառում, որ ջավախահայության մեջ կուտակվող բողոքը կարող է մի օր պայթել եւ կրկնվել արցախյան սցենարը: