Վանի Աղթամար կղզի է տեղափոխվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվելիք խաչը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Վանի թանգարանից հանվել է Ս. Խաչի խաչը եւ տեղափոխվել Աղթամար կղզի։
Խաչի տեղափոխման գործընթացին անձամբ մասնակցել է Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն։
Գեւաշի շրջանի քայմաքամ Յուսուֆ Գունին նշել է, թե 2 օր անց Վան ժամանող ստամբուլահայ հոգեւորականները խաչը կտեղադրեն եկեղեցու դիմաց իրենց նախընտրած վայրում։ «Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից ստացել ենք թույլտվությունը եւ խաչը տեղափոխեցինք կղզի։
Սակայն, տեխնիկական խնդիրների պատճառով անհնար է խաչը տեղադրել գմբեթին»,- ասել է նա:
Մոտ 100 կիլոգրամանոց, 2,5 մետր բարձրություն եւ 1,3 մետր լայնություն ունեցող խաչը կղզում կհսկեն անվտանգության աշխատակիցները։
Նշենք, որ Վանի գործարարները խոստացել էին, թե խաչը մինչեւ պատարագ կտեղադրվի, սակայն ինչպես տեսնում ենք, դա դեռ այդպես չէ։