Վանի տեղական Van Times թերթի խմբագիր Ազիզ Այքաչը, իրենց թերթը համարել է աշխարհում միակը, որը 5 լեզվով է տպագրվում: Այս մասին, Ազիզ Այքաչը խոսել է թուրքական Zaman-ի հետ հարցազրույցի ընթացքում:
38 տարի լրագրությամբ զբաղվող Ազիզ Այքաչը նշել է, թե Van Times-ը տպագրվել է թուրքերեն, քրդերեն, պարսկերեն, անգլերեն եւ Աղթամարի պատարագի ընթացքում նաեւ հայերեն լեզվով: «Աղթամարի պատարագի համար հազարավոր հայեր էին ժամանել Վան, եւ մենք որոշեցինք նրանց համար հայերեն լեզվով հրատարակություն կազմակերպել: Մենք էինք կազմակերպել նաեւ մեր հայ հյուրերին Վանի ընտանիքներում ընդունելու ակցիան: Սակայն, հայկական Սփյուռքը պատճառաբանեց խաչի չտեղադրման խնդիրը, եւ հյուրերի քանակը քիչ եղավ: Հայտնի է, որ Վանի 40 ընտանիք կարողացել է ընդունել հայերի եւ պատվել»-նշել է Ազիզ Այքաչը:
Van Times-ի խմբագիրը նշել է թե Վանում հայերի թիվը շատ է, սակայն նրանք թաքցնում են դա: «Ասում են «Ես տուրիստ եմ»: Սփյուռքից շատ են գաղտնի գալիս: Նույնիսկ Հայաստանի պատգամավորներն են գաղտնի եկել Վան: Վանում աշխատում են գաղտնի մնալ»-ամփոփել է Ազիզ Այքաչը: