Սեպտեմբեր 12, 2010 | 19:04
Թուրքիայի տարբեր քաղաքներում իշխող կուսակցության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների
հանրաքվեին մասնակցած մի շարք անձանց մեքենաներ դիմակավոր անձանց
կողմից այրվել են:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Մերսինում հանրաքվեին մասնակցած հայրն
ու որդին հազիվ են կարողացել փրկվել` դուրս գալով այրվող մեքնենայից:
Թուրքիայի հարավ-արեւելյան Բաթման քաղաքում եւս լարված է անցնում
քվեարկությունը: Բաթմանում ոստիկանությունը միջամտել է քաղաքացիների
քվեարկությանը խանգարող խմբավորման գործողություններին: Արդյունքում
բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով 6 ոստիկան է վիրավորվել:
Ձերբակալվել է անկարգության մասնակից 4 անձ:
Կրկին հարավ-արեւելյան նահանգներից մեկում` Շըրնաքում, բախումներ են
եղել: Շըրնաքի Քումչաթը ավանում հանրաքվեն բոյկոտելու կոչ անող խմբավորման
եւ տեղի գյուղերի ժամանակավոր պաշտպանների միջեւ ծագած բախման հետեւանքով 8
հոգի վիրավորվել է:
Նշենք, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից
նախաձեռնած սահմանդրական բարեփոխումների հանրաքվեն բոյկոտել է քրդական
«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, քանի որ դրանցում
բացակայում են Թուրքիայի ժողովրդավարացմանն ու քրդական հարցի լուծմանը
նպաստող կետեր: Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական
շարժում» կոսակցությունները կոչ են արել «ոչ» ասել սահմանադրական
բարեփոխումների փաթեթին: