Թուրքիայում զանգվածային գործողություններ են իրականացվել ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեմ, հաղորդում է RBC-ն: Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դիարբեքիր քաղաքի փողոցները: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, ի նշան իրենց սուրբ գիրքը այրելու դեմ բողոքի, ցուցարարներն այրել են ամերիկյան եւ իսրայելական դրոշները:
Մոտ 200 ցուցարարների մասնակցությամբ նմանօրինակ ակցիա է եղել Ստամբուլում:
Հիշեցնենք, որ Ղուրանի այրման դեմ բողոքի ձայն էին բարձրացրել նաեւ Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավորները: Ռոբերտ Բեգլարյանն ու Գեւորգ Վարդանը հայտարարել էին, թե ամերիկյան քահանայի գործողությունները ապշեցրել են եւ հարուցել Իրանի հայերի ատելությունը:
Ֆլորիդայում բնակվող ամերիկացի քահանան խոստացել էր այրել Ղուրանը սեպտեմբերի 11-ին, սակայն հաշված ժամեր առաջ հրաժարվել էր իր մտադրությունից: Միեւնույն ժամանակ Թեննեսի նահանգից երկու քահանաներ այրել էին Ղուրանի մի քանի օրինակներ: