Սեպտեմբեր 03, 2010 | 10:07
Թուրքական իշխանությունները հերթական խայտառակ քայլն են կատարել` հայտարարելով, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 19-ին Ախթամարի Ս. Խաչի վերաբացման աշխատանքներին հետեւելու համար Վան ժամանած Պոլսո հայոց փոխպատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նշել է, թե Վանի նահանգապետը հայտնել է, որ խաչի տեղադրումը դժվար գործընթաց է եւ իրենք չեն հասցնի մինչ սեպտեմբերի 19-ը տեղադրել այն: «Պարոն նահանգապետը նշեց, որ 200 կգ քաշով խաչի տեղադրման համար անհրաժեշտ է հատուկ աշտարակ: Սակայն սեպտեմբերի 19-ին` Ս. Խաչի վերաբացմանը, տեղադրվելիք խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն խաչի տեղադրման աշխատանքները»-նշել է արք. Աթեշյանը:
Մայիսին Երեւան ժամանած Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուի համար այս լուրը եւս տհաճ անակնկալ է եղել, քանի որ վերջինս նշել է, որ ինքն այդ մասին նոր է իմացել եւ հավելել. «Երանի պատարագին մասնակցելու համար Աղթամար ժամանող հյուրերը կարողանային Խաչը տեղադրված տեսնել»-նշել է Զահիր Քանդաշօղլուն:
Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն արք. Աթեշյանին հայտնել է, որ սեպտեմբերին 19-ին հատկապես հայաստանցի հյուրերին ամենալավ ձեւով են դիմավորելու եւ պատվելու: «Մենք ձեռներեցներ ենք եւ հավատում ենք, որ առեւտրա-տնտեսական կապերի բարելավման դեպքում շատ հարցեր կլուծվեն»-նշել է Զահիր Քանդաշօղլուն` ամփոփելով, որ իրենք ցանկանում են նաեւ Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատից եկողների համար մի լավ հյուրասիրություն կազմակերպել:
Ավելի ուշ արք. Աթեշյանը եւ նրան ուղեկցող պատրիարքարանի ներկայացուցիչները հանդիպել են Վանի քաղաքապետի հետ, ով եւս խոստացել է Ս. Խաչի վերաբացումը լավ կազմակերպելու համար ամեն ինչ անել: «Մենք անհրաժեշտ կերպով կաջակցենք սեպտեմբերի 19-ի համար Վան եկող մեր հյուրերին թե տրանսպորտի, թե տեղավորման հարցում: Մեր հյուրերին ամենալավ ձեւով ենք հյուրընկալելու»,-նշել է Վանի քաղաքապետը: