Թուրքիան առաջին հերթին վախենում է քրիստոնեացումից: Այդ մասին
սեպտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թուրք փորձագետ,
լրատվամիջոցների եւ քաղաքականության հարցերով մասնագետ, Իզմիրի տնտեսական
համալսարանի դասախոս Զաֆեր Յորուքը: Նրա խոսքով, թուրքական հասարակությունը
բաժանվել է երկու մասի. վերնախավի, որ իսլամամետ կուրսի ջատագովն է, եւ
մյուսների, ովքեր պայքարում են դրա դեմ:
«Դա է պատճառը, որ թուրքական կառավարությունը ճնշում է կրոնական
փոքրամասնություններին: 19-րդ դարում հայկական եւ հունական
փոքրամասնությունները չափից դուրս մեծ ուշադրություն էին հրավիրում, եւ
իշխանությունները իրապես վախենում էին, որ Թուրքիան քրիստոնեական երկիր
կդառնա»,- նկատել է նա:
Փորձագետը նաեւ անդրադարձել է Սեւրի պայմանագրին՝ այն Թուրքիայի
պատմական սարսափ որակելով: «Ժամանակին Աթաթուրքը, գտնվելով Կիլիկիայում,
ասել էր. «այս հողերում հայերը տեղ չունեն, դրանք եղել, կան եւ կմնան
թուրքական», սակայն Սեւրի պայմանագիրը լուրջ սպառնալիք է նրա խոսքերի
իսկության համար: Թեեւ այն չի վավերացվել, այդուհանդերձ սպառնալիք է, եւ
դրա մասին Թուրքիային պարբերաբար հիշեցնում են»,- ընդգծել է Զաֆեր Յորուքը:
Նշենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10-ին եւ
ենթադրում է հայկական պետության կազմում ներառել Արեւմտյան Հայաստանի վեց
վիլայեթները, որի արդյունքում Հայաստանը մուտք էր ստանում դեպի Սեւ ծով:
Պայմանագիրը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց: