Հյուսիսային Օսիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել Հարավային Օսիայի Պաշտպանության նախարարության զորքերի եւ անվտանգության ծառայության բաժնի պետ Ադուարդ Գոբոզովի դեմ, ով մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Դատարանը վճռել է, որ ՌԴ քաղաքացի Էդուարդ Գոբոզովը Վրաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ, զբաղվել է պետական գաղտնիք համարվող տեղեկությունների հավաքմամբ եւ փոխանցմամբ»,- ասված է այդ հանրապետության գլխավոր դատախազության կայքի հաղորդագրության մեջ:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ 2004-2009 թթ Գոբոզովը վարձատրության դիմաց Վրաստանի հատուկ ծառայություններին է փոխանցել տեղեկություններ կապված Հարավային Օսիայում ՌԴ ՊՆ-ի եւ Անվտանգության դաշնային բյորոյի զորամիավորումների տեղակայման վայրերի, տեղաշարժի, քանակական ու որակական կազմի մասին:
Հաշվի առնելով, որ մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը, զղջացել եւ օժանդակել քննությանը, ինչպես նաեւ այն, որ նա երեք անչափահաս երեխա ունի, դատարանը Էդուարդ Գոբոզովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման: