Սեպտեմբեր 17, 2010 | 14:27
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի ծնողները, որոնք դասավանդում են Գանձայի Շոթա Ռուսթավելիի անվան միջնակարգ դպրոցում, հեռացվել են աշխատանքից: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թորոսյանը: Նրա հայրը «Հայոց պատմություն» էր դաասավանդում, եւ մի քանի անգամ պարգեւատրվել է Հայաստանի կառավարության կողմից, իսկ մայրը տարական դասարանների ուսուցչուհի էր: Թորոսյանի խոսքով՝ այս ուսումնական տարում աշխատանքից ազատվել են նաեւ այն հայ ուսուցիչները, որոնք, պատգամավորի դիտարկմամբ, ազգային դիմագիծ ունեն եւ հայեցի դաստիարակություն են տալիս երեխաներին: Ուսուցիչներին դպրոցների հաստիքացուցակներում չընդգրկելու որոշումը դպրոցների տնօրենները որեւէ կերպ չեն հիմնավորել, միայն նշել են՝ «գնացեք պատճառները ձեր մեջ փնտրեք»:
NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Շիրակ Թորոսյանն ասաց, որ իր ծնողներին հեռացնելու միակ եւ գլխավոր պատճառն այն է, որ նրանք իր՝ Թորոսյանի ծնողներն են: «Միակ պատճառը սա է, քանի որ ես մեկն եմ, որ զբաղվում է ջավախահայութան խնդիրներով»,-նշեց նա: Ի դեպ, աշխատանքից ազատված ուսուցիչներին ասել են նաեւ, որ որեւէ այլ դպրոցում կամ կրթական հաստատությունում նրանք այլեւս աշխատել չեն կարող:
«Ջավախք» հայրենակցական միության նախագահի խոսքով՝ վրացական իշխանությունների այս քաղաքականությունը մեկ բառով կոչվում է «հայահալած», որի նպատակը տարածաշրջանը հայաթափելն է եւ ուծացնելը: Այս քաղաքականությունը կարող է երկու իրողության հանգեցնել՝ կամ ջավախահայությունը տեսնելով, որ իր ազգային-կրթական իրավունքը կոպտորեն ոտնահարվում է` կհեռանա տարածաշրջանից, կամ էլ կսկսվի ձուլման պրոցես:
Թորոսյանը հույս ունի, որ իր հայտարարությունից հետո իրավիճակը կշտկվի եւ իր ծնողներն ու աշխատանքից ազատված մյուս ուսուցիչները կրկին կանցնեն իրենց մանկավարժական գործունեությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բոլնիսի ադրբեջանաբնակ տարածքներում էլ աշխատանքից ազատել են շուրջ 2 տասնյակ ադրբեջանցի ուսուցիչների: