Նոյեմբեր 15, 2010 | 14:56
Նոյեմբերի 13-ին, Փարիզի Հայ Մշակույթի տանը տեղի է ունեցել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը: ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդաժողովին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչները, Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբի եւ Բրյուսելի գրասենյակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամներ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Մարիո Նալբանդյանը:
Քննարկվել են Եվրամիության կառույցներում կատարվող փոփոխությունների արդյունքում առաջացած նոր մարտահրավերները, ԵԽ եւ եվրոպական այլ կառոյցներում ստեղծված իրավիճակները, եւ ընդհանրապես այդ կառույցների կողմից Հարավային Կովկասի նկատմամբ կիրառվող քաղաքականությունը:
Հատուկ ուշադրության առարկա են դարձել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները եւ ծրագրերը:
Կարեւորվել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վնասազերծելու, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցով այդ երկու երկրների վրա միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը։
Առանձին ուշադրություն է դարձվել նաեւ Ջավախքի եւ ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքների արծարծմանը եվրոպական կառույցներում:
Քննարկվել է նաեւ Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը եւ Եվրոպայի տարածքում այն դիմագրավելու մարտահրավերներն ու հնարավորությունները:
Հայ Դատի առաջիկա քաղաքականության եւ աշխատանքների մասին ժողովն ընդունել է համապատասխան որոշումներ: