Այսօր ժամը 5:30-ի սահմաններում Երեւան – Հրազդան ավտոմայրուղու վրա գտնվող "Սիցիլիա” խաղատան վրա անհայտ անձը նռնակ է նետել, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Դեպքի վայրում հավաքված մարդիկ Գագիկ Շամշյանին հայտնել են, որ խաղատունը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Թովմասյանին, իսկ աշխատացնում է նրա եղբայրը` Աբոն:
Խաղատան մոտից Երևանի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի 53 շենքի 80 բնակարանի բնակիչ, 25-ամյա Սմբատ Սամվելի Մարտիրոսյանը: Վերջինս հայտնել է, որ աշխատում է խաղատանը որպես թիկնապահ: Խաղատան ղեկավարությունը ոստիկանությունում հայտարարել է, թե իբր վիրավորվածը իրենց աշխատակիցը չէ: Սմբատ Մարտիրոսյանը վնասվածք է ստացել ձախ բազկի միջին երրորդական հատվածում: Նռնակի պայթյունից վնասվել է խաղատան պատը:
Առայժմ հայտնի չէ, թե ով է նետել նռնակը: Գագիկ Շամշյանը հաղորդեց, որ կատարվածի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական գործ, որը քննում է մարզային ոստիկանության քննչական բաժինը: