Երեւան-Սեւան մայրուղու Չայնի կոչվող հատվածում այսօր՝ սեպտեմբերի 25-ի լուսաբացին շրջվել է գաջով բեռնված մի բեռնատար: Դեպքին ականատես է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով Ծաղկաձոր՝ լրագրողական սեմինարի մեկնելիս է եղել: Երբ նա սկսել է նկարահանել տեղի ունեցածը, նրա վրա են հարձակվել ինչ-որ անծանոթ մարդիկ եւ փորձել են խոչընդոտել, ասելով, թե դա նախարարի մեքենան է, եւ մինչեւ նա թույլ չտա, չի կարելի նկարել: Երբ լրագրողը ցույց է տվել վկայականը, նրանք զանգահարել են ինչ որ մեկին եւ հեռախոսը փոխանցել Գագիկ Շամշյանին: Անծանոթը ֆոտոլրագրողին խնդրել է չլուսանկարել: Իսկ երբ վերջինս հարցրել է, թե ու՞մ հետ է խոսում, խորհրդավոր անծանոթը չի պատասխանել:
Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են Կոտայքի մարզի Ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները:
Ի դեպ, երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, բեռնատարի վարորդը փորձել է մեքենայի համարանիշները հանել ու պահել, սակայն դեպքի վայրում աշխատող ՃՈ աշխատակիցը տեսել ու առգրավվել է համարանիշը:
Հայտնի չէ նաեւ, ինչ է «գաջի գործ» անող նախարարի անունը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի