Ջավախքահայության համար անընդունելի է Ադրբեջանի հետ համադաշնություն կազմելու Վրաստանի նախագիծը: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Վրաստանում բանտարկված վարցահայ Վահագն Չախալյանը: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը:
«Սույն թվականի հուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Բաթումում հանդիպման ժամանակ հանդես եկավ վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման առաջարկով: Օգոստոսի 20-ին Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինո Կալանթաձեն վերահաստատեց նախագահի այդ առաջարկը՝ հայտարարելով, որ տեխնիկական առումով Վրաստանի համաձայնությունն արդեն տրված է, իսկ ինչ ձեւեր կընդունի այդ նախաձեռնությունը կապված է դիվանագիտական բանակցություններից:
Վրացական իշխանությունների այս անհեթեթ եւ արկածախնդիր նախագիծը հղի է լուրջ վտանգներով: Հետեւանքները Վրաստանի շատ ավելի ծանր կարող են լինել, քան 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո կրած կորուստները: Ջավախքահայությունը չի կարող անտարբեր մնալ իր բնույթով հակահայկական այս նախագծի նկատմամբ: Ջավախքահայության համար այն անընդունելի է, քանի որ նման համադաշնության ստեղծումը անխուսափելիորեն հանգեցնելու է Վրաստանի՝ որպես համադաշնության առավել թույլ անդամի, Ադրբեջանի գերիշխանության տակ ընկնելուն:
Ի՞նչ դրոշ, օրհներգ ու զինանշան է ունենալու այդ համադաշնությունը, ո՞րն է լինելու նրա պետական լեզուն, ի՞նչ զկզբունքով է կազմակերպվելու բանակային ծառայությունը, ահա այն հարցերից մի քանիսը, որոնք առաջանում են այս նախագծի կապակցությամբ իր ապագայով մտահոգ յուրաքանչյուր ջավախքահայի մոտ:
Վրաց-ադրբեջանական համադաշնությունը նաեւ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի եւ Հայաստանը շրջափակող այլ ծրագրերի տրամաբանական շարունակությունն է: Ջավախքահայությունը երբեք անտարբեր չի հետեւի, թե ինչպես վրացական իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված նպասելու են Հայաստանի ու Արցախի «վզին» գցված խեղդապարանի սեղմանը:
Վրաստանի կառավարությունը պարտավոր է հաշվի առնել այս նախագծի նկատմամբ իրենց երկրի հայ քաղաքացիների սկզբունքային բացասական վերաբերմունքը: Գուցե վրաց ժողովուրդը համաձայն է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը դառնալու հեռանկարին, սակայն ջավախքահայությունը Անկարայի եւ Բաքվի գերիշխանության տակ հայտնվելու վտանգի հետ երբեւիցե չի՛ համակերպվելու: Եթե, այնուամենայնիվ, վրացական իշխանությունները խոսքերից անցնեն գործի, ապա ջավախքահայությունն, հաշվի առնելով կոտորածների եւ բռնի տեղահանության ենթարկված Բաքվի, Սումգայիթի եւ Նախիջեւանի հայության ճակատագիրը, իրեն իրավունք է վերապահում միջազգային նորմերի հիման վրա, ձեռնարկել ինքնուրույն քայլեր` ուղղված իր գոյության անվտանգությանը սպառնացող այս օրհասական վտանգի չեզոքացմանը»: