Նոյեմբեր 23, 2010 | 15:06
ԼՂ դիրքերում նոյեմբերի 19-ին հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկը՝ Սարգիս Մելքումյանը, տեղափոխվել է Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Իսկ վնասվածք ստացած մյուս երեք զինծառայողները Ստեփանակերտի հոսպիտալում են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 19-ի գիշերը N զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նույն զորամասի ժամկետային 4 զինծառայողներ մահացել են ստացած հրազենային վիրավորումներից, իսկ 4 զինծառայողներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.): ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում «2 եւ ավելի անձանց սպանության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանություն) հատկանիշներով: Քրեական գործով կասկածյալը, ով հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, ձերբակալված է: Նրա տվյալները եւ քրեական գործի այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով դեռ հրապարակման ենթակա չեն:
|