Ադրբեջանի ՊՆ-ն ինքն իրեն դրել է ապուշ իրավիճակի
մեջ` հայտարարելով, թե իբր այսօր վաղ առավոտյան իրենց դիրքերի վրա
հարձակված հայ դիվերսանտներին հետ մղելիս զոհված ասկյարներից մեկի դիակը
հայերն իրենց հետ են տարել: Ծիծաղելի է, բայց սա օրինաչափություն է հարեւան
երկրի ՊՆ-ի համար, որը դեպքերը գլխիվայր ներկայացնելու անուղղելի
«սովորություն» ունի: Հիշեցնենք, որ,
ըստ ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության, այսօր`
առավոտյան 6:50-ի սահմաններում, ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է
հատել շփման գիծը, սակայն հանդիպել է դիմադրության ու հայկական կողմում
թողնելով մեկ զոհ` ճողոպրել է: Փախուստի ժամանակ ազերիները դեմ են առել
ականների, որոնց պայթելու արդյունքում ասկյարները վիրավորներ են տվել:
Նրանցից մեկը շուտով մահացել է: Ադրբեջանական Trend-ը հաղորդել է, որ
զոհերից մեկը Ջալիլաբադի շրջանից զորակոչված 34-ամյա Ահմեդ Հուսեյնաղա
օղլի Աբդուլլաեւն է, իսկ մյուսը` Խատաինի շրջանից 24-ամյա Ֆարիդ Գյուլաղա
օղլի Ահմեդովը: ՊԲ հետախուզության տվյալներով` ականների վրա
պայթածներից մեկը ադրբեջանական բանակի հետախուզական, մյուսը` սակրավորական
վաշտի հրամանատար է եղել: Ըստ էության` 34-ամյա Աբդուլլաեւը հենց
ականի պայթյունից վիրավորված սպաներից մեկն է եղել, իսկ Ահմեդովի դիակը,
ինչպես նշվեց, գտնվում է հայկական կողմում: Հատկանշական է, որ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե երկրորդ զինվորը մահացել է ստացած
վնասվածքներից, սակայն չի մանրամասնել, թե ինչպիսի վնասվածքներ են դրանք:
Ավելին` նշվել է, թե իբր ասկյարները զոհվել են փոխհրաձգության արդյունքում:
Այնինչ նրանցից մեկը, ԼՂՀ ՊԲ-ի հավաստմամբ, պայթել է ականի վրա: Հետաքրքիր
է, նաեւ որ ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել է, թե իբր «հայերի
դիվերսիայի» նպատակը օգոստոսի 31-ին Վերին Չայլուի ուղղությամբ ունեցած
կորուստների համար ռեւանշի հասնելն է: Ըստ հակառակորդի` այդ օրը հայերը
տվել էին 3, իսկ իրենք` 2 զոհ: Իրականում հայ դիրքապահները տվել էին
ընդամենը 1 վիրավոր, իսկ ազերիները` նվազագույնը 7 զոհ եւ վիրավոր:
|