Թերթը նշում է, որ օգտվելով հայ-վրացական հարաբերություններում ու ողջ տարածաշրջանում ստեղծված կացությունից, Վրաստանը սկսել է հետեւողականորեն իրականացնել իր երկրում գոյություն ունեցող հայերի համահավաք բնակության վայրերի, առաջին հերթին Ջավախքի ինտենսիվ «յուրացումը»՝ միջոցների խտրություն չդնելով: Նույն քաղաքականությունը Հայաստանի Լոռու մարզին հարող գոտում դրսեւորվում է սահմանային պահակակետերի որոշակի համակարգի միջոցով՝ հայկական բնակավայրերի շրջափակման քաղաքականության տեսքով:
Թերթը անդրադառնում է Մառնեուլի շրջանի հայկական բնակավայրերի ու Հայաստանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման շուրջն ընթացող բանակցություններին:
Այդ գյուղերից 3-ը (Աղքյորփի, Չանախչի, Բրդաձոր) միայն 1930-ական թվականներին՝ կոլեկտիվացման շրջանում են փոխանցվել Վրաստանին՝Անդրֆեդերացիայի փոքր նախագահության վրաց-ադրբեջանական ղեկավարության որոշմամբ, որի հետեւանքով երկու երկրների անկախացումից հետո վերածվել են «երկու տերով ծառաների»:
Այսինքն՝ նրանց տարածքը եւ վարելահողերի մեծ մասը Վրաստանում է, իսկ անտառներն ու խոտհարքների մի մասը՝ Հայաստանում: Ի վերջո, սահմանագծման ու սահմանազատման՝ 1990-ականներից ծավալվող բանակցությունները միջպետական սահմանի այս հատվածի շուրջ որեւէ արդյունք չեն տվել:
Պատճառն ակնհայտ է. առանց տարածքային համարժեք փոխանակումների հնարավոր չէ հարցի լուծումը: Եվ դրանից օգտվում են վրացական իշխանությունները՝ անտանելի պայմաններ ստեղծելով հայկական գյուղերի բնակիչների համար՝ նրանց դրդելով արտագաղթի:
Ներկայումս առանձնապես ծանր վիճակ է ստեղծվել Չանախչի գյուղի շուրջ, որի տարածքի կեսից ավելին «խրված է» Հայաստանի սահմանների մեջ, քանի որ եթե Աղքյորփիի եւ Հայաստանի սահմանի միջեւ գործում է սահմանային անցակետ, իսկ Բրդաձորի բնակիչներն օգտվում են Սադախլոյի մոտակա անցակետից, ապա Չանախչիի բնակիչը 2-3 կիլոմետր հեռու գտնվող իր անմիջական հարեւանի՝ Հայաստանի Ջիլիզա գյուղում հայտնվելու համար պետք է 90-100 կիլոմետրանոց «պտույտ» կատարի՝ Աղքյորփիի կամ Սադախլոյի անցակետով հատելով միջպետական սահմանը եւ ապա՝ Ստեփանավանով կամ Ալավերդիով հասնելով Ջիլիզա՝ իր հարազատներին տեսնելու համար: