Սեպտեմբեր 13, 2010 | 12:14
Այսօր առավոտյան, Երեւանի ժամանակով ժամը 7-ին Ստամբուլի օդանավակայանի թուրք աշխատակիցները մի քանի ժամ պահել են հայ լրագրողներին եւ թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա: Հայ լրագրողները մեկնել էին Թուրքիա` մասնակցելու սեպտեմբերի 13-15-ին կայանալիք «Մեդիայի դերը ղարաբաղյան հակամարտությունում եւ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության բարելավումը» սեմինարին: Նրանց մեջ են եղել, մասնավորապես, «Առավոտ»-ի, Panorama.am-ի, epress.am-ի լրագրողները:
Անձնագրերի ստուգման ժամանակ, Թուրքիա ժամանած հայ լրագրողներից, ինչպես նաեւ մյուս հայ ուղեւորներից թուրք սահմանապահները վերցրել են անձնագրերը: Նրանք հայերին կանչել են իրենց մոտ ու ստուգել, թե ունե՞ն, արդյոք, հետդաձի տոմս եւ ապրելու համար անհրաժեշտ գումար:
Տեղեկանալով, որ ուղեւորների մի մասը լրագրողներ են, ոստիկանության հսկիչ ծառայության աշխատակիցներն առանձնացրել են լրագրողներին ու մեկ ժամից ավելի պահել:
Երբ Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, ով սեմինարի կազմակերպիչներից է, փորձել է միջամտել, նրան սպառնացել են արտաքսել երկրից:
Հատկանշական է, որ մշտապես Թուրքիա թռչող հայերը նշել են, որ նման բան Ստամբուլի օդանավակայանում առաջին անգամ է տեղի ունենում:
Միջադեպը հարթվել է, երբ գործին միջամտել են սեմինարի կազմակերպիչ թուրքական կողմի ներկայացուցիչները: Սեմինարը կազմակերպել են Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, ադրբեջանական «Յենի Նեսիլ» լրագրողների միությունը եւ Global Political Trends Centre-ը: