Լոս-Անջելեսում տեղի է ունեցել լավագույն երաժշտական տեսահոլովակների կատարողներին բացահայտող MTV-ի թվով 27-րդ մրցանակաբաշխությունը:
MTV ամերիկյան հեռուստաընկերության Video Music Awards մրցանակը՝ «Տարվա վիդեո» անվանակարգում շնորհվել է Լեդի Գագային՝ Bad Romance կատարման համար: 24-ամյա Լեդի Գագան ռեկորդ է սահմանել MTV-ի պատմութան մեջ. նա առաջադրվել է միանգամից 13 անվանակարգերում: «Անչափ շնորհակալ եմ, իմ հրեշիկներ: Ուղղակի երազանք է այսօր լինել այս բեմում»,-հայտարարել է փոփ-երգչուհին մրցանակաբաշխության ժամանակ: Երբ նա բեմ է բարձրացել՝ հայտնի հայազգի երգչուհի Շերի՝ Շերլին Սարգսյանի ձեռքից մրցանակն ստանալու, այնքան շոյված է իրեն զգացել, որ արտասվել է: Էքստրավագանտ երգչուհու հուզումնալից վիճակից հուզվել է նաեւ Շերը: Video Music Awards-ի, կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Ջահելների Օսկար» մրցանակաբաշխությունը համարվում է շոու-բիզնեսի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը:
Նշենք, որ «Լավագույն տղամարդկային վիդեո» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայտնի փոփ-ռեփ կատարող Էմինեմի Not Afraid տեսահոլովակը: