Главная » 2010»Октябрь»2 » Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի, բայց սերունդները չե°ն ների…
20:10
Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի, բայց սերունդները չե°ն ների…
Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի, բայց սերունդները չե°ն ների…
Պատերազմ, կոտորած, պայքար, վերաբաժանում, վերաձևավորում. ահա մանրամասներն այն չգրված, սակայն միշտ խաղարկային սցենարի, որ բոլոր դարամուտերում պատմությունն անփոփոխ ներկայացնում է աշխարհին: 21-րդ դարի սցենարը նախորդներից ոչնչով չի տարբերվում. ամենուր և ամեն ինչի համար անզիջում պայքար է, որի պատճառով աշխարհում սերն է պակասում, ատելությունն ու թշնամանքը` շատանում: Մարդկությունը դատապարտված է պայքարի` բացառապես ունենալով ապրելու գերխնդիրը: Աշխարհն էլ մի պատառ չոր հացի պես շարունակում է մանրանալ: Այո°, կյանքը պայքար է, սակայն պայքար էլ կա, պայքար էլ… Ջավախքում ոչ թե ապրելու կամ գոյատևելու, այլ լինելիության` հայ մնալու պայքար է` մենակռիվ: Իրավամբ` մենակռիվ և այն դեպքում, երբ կողքին հայրենիքն է` Հայաստանը, թիկունքում` հայկական մեծ Սփյուռքը: Ցավոք, դարերը հուշում են, թողած ձեռագրերը` աներկբա հաստատում, որ վերքը միայն տիրոջն է ցավ տալիս: Ջավախքցին այսօր մենակ է իր ցավի, խնդիրների ու պայքարի հետ. անգամ պատերազմների ու համաճարակների տարիներին, հայկական լեռնաշխարհի այս փոքրիկ հողակտորը երբեք այսքան լքված չի եղել, որքան այսօր: Ինչպես իրենք են ասում` ՙՀայրենիքին այսքան մոտ, բայց այսքան հեռու և անկարեկից՚: Թեև, Հայաստանը քաղաքական ՙլուրջ՚ տարաձայնություն ու հակամարտություն չունի Վրաստանի հետ, սակայն տեղի հայությունը` հատկապես ջավախքահայությունը վրաց իշխանավորների ազգային խտրականության ու հայատյաց քաղաքականության ներքո, վերջին երկու տասնամյակների ընթացքում ունեցավ այն լուրջ խնդիրները, ինչպիսիք երբևէ չէր ունեցել: Խստահայացք, հաստատակամ, ծանրախոհ, ուսումնատենչ. ջավախքցուն բնորոշ որակական այս հատկանիշներն այլևս նրա համար չեն: Հայերենի արմատական բառարանում պետք է ուրիշ բառեր փնտրել, որովհետև կյանքի դժվարությունները փոխել են լեռնահայի դիմագիծն ու ներաշխարհը: Ժամանակին հայ ու համաշխարահային մշակույթի, գիտության ականավոր գործիչների աստղաբույլ ծնած ժողովուրդը կանգնած է դժվարին կացության առաջ. ուր ահագնացող սպառնալիք է դառնում հայի ազգային դիմագիծը խեղող վրացականացման վտանգը: Ջավախքի հայ առաքելական եկեղեցու սպասավորը այսօր` 21-րդ դարում, տնետուն է անցնում, դռնեդուռ թակում, խնդրում է ու համոզում, որ հայն իր երեխային հայկական դպրոց տանի, քանի որ բավարար թվով աշակերտներ չունենալու դեպքում հայկական դպրոցներին սպառնում է փակման վտանգը: Հայ պատմաբաններին խնդրում եմ հիշեցնել` հայոց պատմության որ դարաշրջանում է մեկ էլ այսպիսի ցավալի էջ հիշատակվել: Հավելեմ միայն, որ հաշված օրեր էին մնացել ուսումնական տարվա սկսվելուն, երբ այս մասին պատմող տեսանյութը եթեր հեռարձակեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության ՙՀայլուր՚ լրատվական ծրագիրը: Սակայն, ՙՁայն բարբառոյ յանապատի՚. լռեց և’ Հայաստանը, և’ Սփյուռքը: Վախի, անկարողության, թե չեզոքության կեցվածք է սա: Հեռավոր Սինգապուրի, Կատարի կամ Մալթայի մի քանի տասնյակ հայության համար ցավում ու մտահոգվում է Հայաստանը, այն դեպքում, երբ աչքի առաջ ջավախքահայությունը (ողջ վիրահայությունը) օտարվում է ինքն իրենից, հազարամյա արմատներից ու մայրենիից: Անշուշտ, Ջավախքցին գիտակցում է, որ Հայաստանի համար հեշտ օրեր չեն, և կյանքն էլ մետաքսե ճանապարհ չէ` Արցախ, Հայոց ցեղասպանություն, հայ-թուրքական հարաբերություններ և դիվանագրտական մեծ ներկայացում տարածաշրջանում: Այս իրավիճակում Ջավախքը, բացառապես իր հայապահպանման խնդրով, շատերի կողմից համարվում է ոչ պատեհ առիթի: Ջավախքցին չի ընդունում իր նկատմամբ Հայաստանի որդեգրած կրավորական կեցվածքը: Հայաստանի Հանրապետության անտարբերությունը Ջավախքում վրացական ՙբարենորգումներին՚ ի պատասխան ընդգծել է այսպիսի տեսարան. հետզհետե ամայացող գյուղեր, հոգևոր աշխարհից ու մշակույթից կտրվող ժողովուրդ, գամված հողին` զուտ հացի համար: Ցավով պիտի հիշեմ Ավետիք Իսհակյանին, որ գուժում էր գալուստը ոգու սովի, ՙոգու սով է Ջավախքում՚: Մինչ այստեղ ՙոգու սով է՚, հոգեորսն է ահագնանում. աղանդները որջեր են դնում ՙքաղցած ոգիներում՚: Իսկ օգնության կանչերը մնում են անպատասխան… Ջավախքի հավատավոր ժողովուրդն ավելի քան մեկ դար Հայ առաքելական եկեղեցու գերագույն սպասավորի` Ամենայն Հայոց կաթողիկոսի ճանապարհին է սպասում: Որպեսզի անհիմն և հանիրավի չհնչի մեղադրանքս, աճապարեմ հիշեցնել, որ երջանկահիշատակ Խրիմյան Հայրիկը վերջին հայ կաթողիկոսն էր, ով 1895 թվականին այցելել է Ախալքալաք` իջևանելով Համո Օհանջանյանի տանը: Վեհափառի օրհնությունն ու հայրապետական աղոթքը կարծես ճակատագրի շռայլություն են հավատացյալ այս ժողովրդի համար, ինչին նրանք 115 տարի է չեն արժանանում: Եվ որքան էլ որ նրանք փորձում են հասկանալ, թե ինչո±ւ է Ամենայն հայոց կաթողիկոսը շրջանցում Ջավախքը, չեն կարողանում: Այս էլ որերո±րդ անգամ է, որ Սրբազանի պաշտոնական ու ոչ պաշտոնական այցելությունները հետաձգվում են անհասկանալի հիմնավորմամբ: Իրոք` անհասկանալի… ՙՀռոմի պապը թե ճամփա էլնի, ավելի շուտ կհասնի, քան Ամենայն Հայոց կաթողիկոսը՚, ՙՍտամբուլ ու Բաքու կերթա, հըմը Ջավախք չի գա՚, ՙՄեր Կաթողիկոսը Ամերիկա, Մոսկվա կերթա, Ախալքալաք ի±նչ էնե գա՚, ՙԴռներես կանցնի, ներս չի մտնի՚, …, միթե արդարացի չէ ջավախքցու վրդովմունքը: Դրա իրավունքն ունեն, մենք ենք տվել մեր անտարբերությամբ: Եվ ՙՁայն բարբառոյ յանապատի՚… Ամռան վերջին օրերին, երբ ՀՀ կրթության նախարարության հրավերով Սփյուռքի ու Ջավախքի մանկավարժներն էին Հայաստանում, ջավախքցի մանկավարժը գուժեց, որ տեղի հայկական դպրոցների գոյությանը հինգ տարի է մնացել: Հայկական դպրոցների փակման, կամ վրացականացման սպառնալիքը Դամոկլեսյան սրի պես մեկ տասնամյակ է ինչ ճոճվում է ջավախքցու գլխավերևում: Ջավախքի ՙխնդիրներին ավելի մոտիկից ու անձամբ ծանոթանալու՚ նպատակով ՀՀ կրթության նախարարի ՙընդհատակյա՚ շրջայցի հրապարակված արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն. քանի որ շատ ծրագրեր նախատեսվում են իրագործել մյուս տարի: Եթե իրագործեն. ընթացող անիվի ընթացքը ետ փոխելը քիչ է հավանական: Երբեմնի հայախոս ու հայաշունչ Ջավախքում հայերենը դառնում է օտար լեզու, շաբաթական յոթ դասաժամը կրճատվել է դառնալով չորս: Բացատրական և ուղղագրական բառարանների խիստ կարիք կա: Հայ գրականությունը հայերենին հատկացված չորս դասաժամյա ծրագրում զուր է փրկության տեղ փնտրում: Հայոց պատմություն առարկան Հայոց պատմության էջերը կերտող ժողովրդի գալիք սերնդի համար դառնում է նախասիրական (ֆակուլտատիվ) առարկա, որի դասավանդումը դրվում ուսուցչի խղճի վրա…: ՙՋավախք՚ հեռուստաընկերությունը գտնվում է կաթվածահար վիճակում է, այն ավելի շատ թաղման գործակալության կայան է հիշեցնում, իսկ լրատվական հաղորդումները ժամանակից ու աշխարհից մի քանի շաբաթ ետ են ընկել…, համակարգչային համացանցի լրատվության տարրական հնարավորություններն անգամ այստեղ չեն օգտագործվում: Հայաստանյան օրաթերթ կամ նոր գիրք ու գրականություն կգտնե±ք, դժվար է ասել: Ժողովուրդը կարոտ է արվեստագետի, մտավորականի ու գիտնականի խոսքին ու զրույցին: Մինչ կարոտի քաղցը կհագենա սերիալային վիրուսն այստեղ էլ հասցրել է ժողովրդին վարակել: Իսկ մատաղ սերունդը համակարգչային խաղերի աշխարհից այն կողմ ոչինչ չի տեսնում: Վիրտուալ աշխարհի երազխաբությունը նրանց համար գերադասելի է իրական կյանքի դժվարություններից: Ինչպե±ս կանվանեք այս բնանկարը, եթե ոչ ՙՈգու սով՚: Եվ դեռ այսքանից հետո հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները որակվում են` իբրև ամենաբարձր մակարդակի ու բարի դրացիական: Ով է տվել դիվանագիտական այսպիսի որակում, երբ բացահայտ է ազգային խտրականության, ատելության քաղաքականությունը: Համոզված եմ` սա ՙմեկ հոգու խաղ չէ՚, մի ողջ համակարգի մշակած ծրագրի իրագործման մեկնարկ է, որն իրագործման է հանձնված հոգեկան անհավասարակշիռ վիճակում իշխանության գլուխ կանգնած վրաց նախագահին: Հայաստանում այդ խեղկատակին հյուրընկալում ենք գրկաբաց, պատվում, մեծարում, ով վերադառնալով շարունակում է վանդալիզմը. սրբապղծել հայկական վանքերն ու խաչքարերը, ոտնահարել իր երկրի տարածքում գտնվող բազմահազար հայության ինքնության ու լինելիության իրավունքները: Միթե թույլ պիտի տանք, որ տասնամյակներ անց այս հողի գալիք հայ սերունդը մոռանա, որ հայն է աշխարհում առաջինը Քրիստոնեությունն ընդունել, Մաշտոցն է Հայոց տառերը ստեղծել, Խորենացին` Հայոց պատմությունը, Նարեկացին` Սուրբ Նարեկը, Կոմիտասը` Հորովելը և որ Անդրանիկը` Հայոց Զորավար, Սևակը` մտքի հանճար է եղել… Միթե թույլ պիտի տանք, որ տասնամյակներ անց այս հողի գալիք հայ սերունդը մոռանա Տերյանին, Ջիվանուն, Մանանդյանին, Կոջոյանին, Սուրենյանցին, Դեմիրճյանին, Զաքարյանին, Ազնավուրին, …, և վրացերեն մրմնջա` ՙՀայր մեր…՚-ը: Մենության մեջ չխեղդենք կանչը Ջավախքի, քանի դեռ մի նոր Սուրենյանց չի վրձնել ՙՈգու սովը Ջավախքի՚…. Գուցե, դարը չդատի, պատմությունն էլ լռի, բայց սերունդները չեն ների…